Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը չի կատարելու ցուցարարների պահանջը (տեսանյութ)

Օգոստոս 06,2013 15:05

«Ազատություն» ռադիոկայան. Տարոն Մարգարյանը չի պատրաստվում կատարել մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ արդեն 12-րդ օրը նստացույց անողների պահանջները:

«Չենք վճարի 150 դրամ» ակցիայի մասնակիցները, հիշեցնենք, հայտարարել են, որ նստացույցը շարունակելու են՝ ընդհուպ մինչև հացադուլ հայտարարելը, քանի դեռ պաշտոնանկ չեն արվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևանտրանս»-ի տնօրենը: 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ «3-4 հոգու» ցանկությունները չի պատրաստվում կատարել, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների»․ – «Մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են: Երբ որ չկատարեն՝ պարտադիր չի, որ կոչ անեն, որ պաշտոնանկ անեմ: Ոչ միայն տրանսպորտի ոլորտում, այլ բոլոր ոլորտներում․ այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, այդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ: Բայց այստեղ այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են»:

Դիտարկմանը, թե վաղը ցուցարարները կարող են նաեւ իր հրաժարականը պահանջել, Մարգարյանն արձագանքեց․ – «Ես այդ բոլոր հարցերին պատասխանել եմ»: Այնուհետեւ քաղաքապետն ասաց տառացիորեն հետևյալը․ – «Ինձ թվում է, 150 դրամի համար որոշումը, հայտարարությունս բոլորս լսեցիք․ ասեցվեց՝ հանձնաժողով ստեղծվի, որ սոցիալական խմբերի խնդիրները ուսումնասիրենք, նոր քայլենք: Ինձ թվում է, էս հրաժարականներին և էս նման, հա՞, պահանջներին ժողովուրդը էդքան էլ կողմնակից չի: Հարցրեք ժողովրդին»:

Ուղեվարձի բարձրացման մասին իր իսկ որոշման կասեցումը քաղաքապետը պայմանավորեց ոչ թե 150 դրամի դեմ բարձրացած բողոքի ալիքով, այլ խոցելի խմբերի խնդիրներով մտահոգ ներկայացուցիչների հետ իր հանդիպումներով: Նա չբացառեց, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը նորից կարող է դառնալ 150 դրամ:

Քաղաքապետն առաջարկել է Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու համար ստեղծել հանձնաժողով, թեև մի ամբողջ վարչությունը քաղաքապետարանում զբաղվում է այդ հարցով: Ենթադրվում է, որ այդ հանձնաժողովի հիմնական գործը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումն է լինելու:

«Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ տրանսպորտ, անպայման պետք է քննարկենք այդ հարցը: Եթե չենք ուզում ունենալ նորմալ տրանսպորտ և ընդհանրապես տրանսպորտ, ուրեմն ինչ վիճակ կա, պետք է դա էլ մնա», – նշեց Տարոն Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աստղիկ Բեդեւյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031