Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվեց Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու թեման: Ներկա էին թուրքագետ Արտակ Շաքարյանը, լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը:
Օգոստոսի 1-ին «Ակոս» պարբերականում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. hայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների`«3»: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատեց այս տեղեկատվությունը:
Արա Պապյանի խոսքով` Թուրքիայի կողմից նման առանձնանմուշը ուղղված է եղել խտրականությանը, իսկ խտրականության դրսեւորումը մարդու իրավունքների խախտում է: «Սա ցավալի երեւույթ է, միեւնույն ժամանակ, վտանգավոր, հայերի նկատմամբ գաղտնի ծածկագիր նախկինում եւս եղել է ու այն «031» էր, այժմ` «02-ը»,-նշեց Պապյանը, հավելելով, որ այստեղ համակարգային խնդիր կա:
Շաքարյանի խոսքով էլ խտրականությունը եղել է օսմանյան կայսրությունից սկսած ու այն շարունակվում է:
Կարդացեք նաև
Գասպարյանն էլ նշեց, որ դեմոկրատացման դրսեւորումը Թուրքիայում ձեւական բնույթ է կրում` «այնտեղ միշտ էլ փոքրամասնության նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել: Սա այն հարցը չէ, որ պետք է քննարկենք Հայաստանում, սա պետք է քննարկվի աշխարհով մեկ: Մենք դեռ չենք կարողացել այս խաղաքարտը օգտագործել, բայց դա լավագույն միջոցը կլինի»:
Քննարկմանը Skype հեռազանգով միացավ լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին: Անդրադառնալով նրան, թե ինչ արձագանք ունեցավ այս հարցը, Նալչին նշեց. «Ակոսից» հետո այս տեղեկատվությունը տարածեցին մի քանի այլ օրաթերթեր, այս հարցը պետական արձագանք ունեցավ, նույնիսկ գրվեց, որ կառավարության հետ խոսել են այս կոդերի մասին: «Թարաֆ» օրաթերթը գրեց, որ այս կոդերի հետ կապված հարցին կառավարությունը պետք է պատասխանի, բայց կառավարությունը դեռ չի ուզում խոսել, սա մարդու իրավունքների հարց է: Ներքին գործերի նախարարությունը ասաց, թե այս կոդերը երեխաներին դպրոցների համար է պետք, բայց սա ծիծաղելի պատասխան է: Եվ հետո, եթե ասենք, հայն ու հույնը ամուսնանան, ապա նրանց երեխան ինչ կոդ պետք է ունենա… «Թարաֆը» նաեւ գրեց, թե 1916-ին ինչպես իսլամացվեցին հայերն ու ինչպես կոդեր ունեցան: Բայց թուրքական կառավարությունն ասում է, որ հայերը կոդեր են ստացել 1923 թվականին: Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը: Իսկ այն հարցին, թե ինչու են հայերը շարունակում ապրել այնտեղ, ապա կասեմ, ի վերջո պատմական Հայաստանի այդ հողերը մերն են, մենք պետք է պայքարենք, այս եւ այլ հարցերի համար եւ մի օր մեր ձայնն ավելի կբարձրանա, եւ տասը տարի հետո հաստատ ավելի բարձր ձայն կունենանք, քան այսօր է»:
Պապյանի խոսքով` թուրքական պետության մեջ ծագումնաբանությունը շատ է կարեւորվում, նրանց մեջ վախ կա, որ մի օր կգա հայերի մի խումբ ու ներսից ամեն ինչ կշրջի, այս կերպ հավանաբար նրանք ուզում են վերահսկել, որ նման բաներ չլինի:
Շաքարյանն էլ հավելեց, որ Թուրքիայում վստահության պակաս կա, այսինքն` նրանց մոտ ներքին վստահություն կա, որ հայերը վստահելի չեն, եւ նրանց ներքին պաշտոններում տեղավորել չի կարելի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ