«Այս պահին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի հետ շրջայցի է, իսկ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-Aravot.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որը Tert.am-ին հայտնել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կթողնի իր այս պաշտոնը և կղեկավարի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն, այսպես պատասխանեց Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:
Շարունակելով՝ Ա. Եսայանը տեղեկացրեց. «Հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի հետ կապված ցանկացած տեղեկատվության տիրապետում է կառավարությունը: Ինչ վերաբերում է Երևանի նոր գլխավոր ճարտարապետին, ապա այս պահի դրությամբ այդ պաշտոնը զբաղեցնում է Նարեկ Սարգսյանը: Այլ ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս պահին ընթացող շրջայցի ժամանակ վարչապետի հետ քննարկվի նաև Ն. Սարգսյանի՝ նոր պաշտոն զբաղեցնելու հարցը, Երևանի գլխավոր ճարտարապետի մամուլի քարտուղարն այսպես արձագանքեց. «Չեմ կարող ասել, այդպիսի ինֆորմացիա չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ