Օգոստոսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, UNICEF, Save the Children կազմակերպությունների նախաձեռնությամբ ու աջակցությամբ Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը իրենց ամառային հանգիստն անցկացնող 160 սիրիահայ երեխաները հրաժեշտ տվեցին Աղավնաձորին ու ճամբարին:
Նախօրեին կազմակերպված հրաժեշտի խարույկին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, «Կիլիկիա» վարժարահի տնօրեն Նորա Փիլիպոսյանը, սիրիահայ երեխաների ծնողներ:
Սիրիահայ երեխաներն ասմունքեցին, երգեցին ու պարեցին, իսկ հրաժեշտի խարույկի շուրջ միասնական շուրջպար բռնեցին:
Միջոցառման վերջում UNICEF կազմակերպության կողմից սիրիահայ երեխաներին հանձնվեցին փոքրիկ հուշանվերներ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին կնքված Փոխըմբռման հուշագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն՝ UNICEF, Save the Children և Word Vision կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ համատեղ իրականացնում են «Սիրիահայ երեխաների հոգեբանասոցիալական բարեկեցության աջակցության ծրագիր»:
Հուշագրի համաձայն իրականացվում է 10-օրյա ճամբարային հանգիստ՝ ընդհանուր առմամբ 235 երեխայի համար. UNICEF-ի հովանավորությամբ հանգստանում է 10-14 տարեկան 100 երեխա, Save the Children կազմակերպության հովանավորությամբ՝ 9-14 տարեկան 80 երեխա և Word Vision-ի հովանավորությամբ՝ 11-17 տարեկան 55 երեխա և պատանի:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ