Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության՝ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցների հետ։
Ներկայացնելով հանձնաժողովի նպատակը և գործառույթները, մասնավորապես` Երևանի զարգացման գործընթացում ակտիվ երիտասարդների ներգրավումն ու բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանն առաջարկել է սփյուռքահայ երիտասարդներին ևս հանդես գալ դիտարկումներով, առաջարկություններով։
Արտերկրում մշտապես բնակվող մեր հայրենակիցները նկատել են, որ, հաճախ այցելելով Երևան, տարեցտարի նկատում են դրական փոփոխություններ, որոնք ակներև են հատկապես վերջին մի քանի տարիները համեմատելիս։
Ամառային դպրոցի մասնակից սփյուռքահայ երիտասարդների առաջարկություններում գերակշռել է իրենց բնակության քաղաքների տարբեր բնագավառներում փորձի օրինակները, մասնավորապես՝ այգի-պուրակների և համայնքային գույքի նկատմամբ հասարակական հսկողության, երթևեկության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործում և այլն։
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը և շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ամառային դպրոցի մասնակիցները պայմանավորվել են մշտապես կապ պահպանելով՝ այսուհետ ևս կազմակերպել քննարկումներ տարբեր ձևաչափերով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն