Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Կալանավորեք Սուրիկ Խաչատրյանին, ես կներկայանամ ոստիկանություն»

Օգոստոս 06,2013 11:56

«Ոստիկանության տարածած հայտարարության մեջ միակ ճիշտ բանն այն է, որ ես հրաժարվել եմ ներկայանալ ոստիկանություն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ոստիկանությունը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ մամուլում արած հայտարարությունների հետ կապված Սամվել Հարությունյանին հրավիրել են ոստիկանություն, սակայն նա հրաժարվել է ներկայանալ:

Սամվել Հարությունյանի խոսքերով՝ «Ինձ անցած երկու օրերի ընթացքում՝ ամսի 3-ին եւ 4-ին զանգահարել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բադասյանը եւ հրավիրել է ոստիկանություն: Երբ հարցրեցի, թե ինչու պետք է ներկայանամ, ո՞ր հարցով, պատճառաբանեց, որ անվտանգության հետ կապված հայտարարության առնչությամբ: Ասաց, որ իր առաջ առաջադրանք են դրել, որ այդ հարցով հանդիպի:

Նախ ես դեմ չէի որեւէ հանդիպման, բայց ես միայն իմ անվտանգության հարցով չէի գնա ոստիկանություն: Առաջարկել եմ հանդիպել եւ զրուցել իմ բնակարանում կամ ցանկացած սրճարանում:

Ես ասացի, որ բազմաթիվ այլ հայտարարություններ էլ եմ արել, որով բացահայտել եմ մեր ժամանակների հակահերոս, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի՝ անցած 23 տարիների ընթացքում կատարած բազմաթիվ ծանր հանցագործություններ եւ այդ ամենի հետ կապված, ցավոք, մինչ օրս ՀՀ ոստիկանության կողմից շարունակվել է անտարբերությունը: Այդ հանցավոր անգործությունը մինչ օրս էլ շարունակվում է:

Ոչ թե ես հրաժարվել եմ ներկայանալ ոստիկանություն ընդհանրապես, ասել եմ՝ զարմանալի է, որ Գորիսի սահմռկեցուցիչ հանցագործությունից հետո, որի ընթացքում սպանվել է Ավետիք Բուդաղյանը, ծանր վիրավորվել է նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, ոչ միայն այդ կատարած հանցագործության համար Սուրիկ Խաչատրյանը չի ձերբակալվել, չի կալանավորվել, այլեւ նա անգամ չի ներգրավվել այդ քրեական գործում:

Մի քանի տասնյակ հանցագործությունների հետ կապված համապատասխան հայտարարություններ եմ արել: Այդ հանցագործությունների փաստերի հետ կապված մի ամբողջ շարք է հրապարակվել եւ մինչ այսօր անգամ քրեական գործ չի հարուցված իմ հայտարարությունների հետ կապված: Ասել եմ՝ պարոն Բադասյան, վերջապես թող ոստիկանությունը կամ դատախազությունը քրեական գործ հարուցեն, ես ոչ միայն կներկայանամ ոստիկանություն, այլեւ ինձնից կախված առավելագույնը կանեմ, որպեսզի նախաքննությանը օգնեմ՝ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների ամբողջական բացահայտման համար»:

Սամվել Հարությունյանն վստահ է՝ քրեական գործ հարուցելու, առավել եւս՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի՝ հորեղբորորդի Սասուն Խաչատրյանին, Սուրիկ Խաչատրյանի եղբայրներին, նրանց «մարդասպան զավակներին» կալանավորելու պարագայում բազմաթիվ քաղաքացիներ կներկայանան եւ կհայտարարեն նրանց կատարած այլ բազմաթիվ հանցագործություններ. «Իմ ներկայացրած 50 հանցագործությունները կարող են շատ կարճ ժամկետում դառնալ 500 եւ ավելի: Մենք գիտենք, որ ցավոք, ՀՀ իրավապահ համակարգի կողմից շարունակվում է Սուրիկ Խաչատրյանի ոճրագործությունների հանդեպ անգործությունը, ուղղակի այս օրերին ինձ կանչում են, որ իբր թե ինչ-որ բան անում են: Դա նմանակում է պարզապես՝ իմիտացիա եւ ոչ ավելին: Ես սպասում եմ, որ ժամ առաջ, րոպե առաջ քրեական գործ հարուցվի եւ կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը եւ նաեւ կալանավորվեն այդ ոճրախմբի մի շարք առանցքային դեմքեր, եւ ես կներկայանամ ոստիկանություն, ինձնից կախված առավելագույնը կանեմ: Իմ անվտանգության հետ կապված ինչ-որ փոքրիկ զրույցի համար երբեք չեմ ներկայանա ոստիկանություն: Ես գտնում եմ, որ ինչքան էլ կարեւոր է իմ կյանքն ինձ համար, ընտանիքիս, գերդաստանիս, մտերիմներիս համար, շատ ավելի կարեւոր է իմ հայտարարությունների հետեւանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. svetlana says:

    ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը առավոտյան ժամը 4.20 րոպեին փորձել են թալանել քաղաքի կենտրոնում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահը, որին, սակայն, ճիշտ ժամանակին արձագանքել են նրանց կոլեգաները` արժանանալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խրախուսանքին:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/05/273542/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից—————KECCE ANKAX U APAHOV SERJI HAYASTAN@ AMBOXJ KARAVARUTYUNUM MI MI LISKAE NSTAC ,ISK SHUN@ SHAN TAT CHI CAMI….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031