Գործարար Փայլակ Հայրապետյանը պատրաստվում է նոր հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն «Ամերիա» բանկի դեմ: Այս մասին գործարարն ասաց ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ հայտարարելով, որ ինքը դժգոհ է սկսված իրավական գործընթացից:
Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը այսպիսով ճանաչվել էր տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:
Սակայն գործարարն ասաց, որ ինքը դժգոհ է ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործից, քանի որ իրեն արդեն տեւական ժամանակ ասում են, որ առերեսում են կատարելու, սակայն միայն մի քանի անգամ հարցաքննել են ու վերջ:
«Դժգոհ եմ, ի՞նչ են արել, որ գոհ լինեմ, ինչի՞ց գոհ լինեմ, մի երեք –չորս անգամ հարցաքննել են, էլ ի՞նչ են արել, որ գոհ լինեմ, նույն բաները հարցնում են՝ ո՞նց եղավ, որտե՞ղ էիք եւ այլն: Էդ բոլորը ոնց որ կրկնություն լիներ: Ես սաղ իրանց պատմել եմ՝ ոնց ենք հավաքվել, իմ ունեցվածքը դրել եմ, էդ գումարները չի օգտագործվել, չի գնացել իրա նպատակին, գնացել են օֆշորներ, դրանից հետո ինչ են եղել գումարները` հայտնի չէ ու չեն էլ պարզում:
Հիմա սպասում եմ, որ առերեսում պիտի լինի գործարարների հետ, այն 23 գործարարների հետ, որոնց կողքին նստած եմ եղել եւ որոնց ներկայությամբ ժողով է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Սպասում եմ, քանի անգամ գնացել-եկել եմ, ասում են, որ պիտի առերեսումը լինի: Բայց առերեսում չկա ու չկա:
Գործի քննիչն ասել է, որ անպայման առերեսում պիտի լինի, իսկ վարչապետի հետ կլինի-չի լինի` բան չեն ասել»:
Քրիստինա Մկրտչյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում