Երեկ տեղեկացրել էինք, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել: Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Ըստ Datalex.am կայքի՝ գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին:
Իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՝ Ս. Սուրենյանցը մեզ հետ զրույցում նշել էր. «Ես վերջին շրջանում ակտիվ հոդվածներ եմ գրել: Կարծում եմ՝ դրա հետ է կապված: Ավելին, ինձ հետ այս թեմայով զրուցել են, ու խնդիր չի եղել եւ հանկարծ մեղադրանք է առաջադրվում: Եթե Հեղինեն ասի, կամ քննիչը ստորագրի, որ ես պարտք եմ, ես բոլորից ներողություն կխնդրեմ: Ինչ-որ մարդկանց պետք էր, որ իմ անվան շուրջ սկանդալ լիներ, դա արեց»:
Aravot.am-ը հեռախոսով կապ հաստատեց Հեղինե Սարգսյան ներկայացող անձի հետ: Հավաստիության և վստահության համար նրան առաջարկեցինք հանդիպել, հետո հարցազրույց անցկացնել, սակայն նա մեզ ասաց, որ ինքը գտնվում է հիվանդանոցում և մեկ շաբաթից կհանդիպի մեզ հետ: Մինչ հանդիպումը հեռախոսով փոխանցեց հետևյալը. «Ինքը (նկատի ունի Ս. Սուրենյանցին,-Տ.Հ.) վերադարձրել է այդ գումարը: Ես մեկ ամիս առաջ էլ ասել եմ, որ ես իրենից պարտքուպահանջ չունեմ:
Ես նրա դեմ ոչինչ չունեմ, քանի որ նա իմ գումարը լրիվ վերադարձրել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ