Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամը գտնում է, որ նստացույց անելը հապճեպ որոշում էր

Օգոստոս 05,2013 22:43

«Շարժումը ոչ մեկի սեփականությունը չէ: Շարժումը ինքնակազմակերպված, ապակենտրոն է, եւ ցանկացած ոք ազատ է դնել իր նպատակները եւ շարժումը տանել այն ուղղությամբ որով ուզում է»,- այս համոզմանն է՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը` վստահեցնելով, որ հերյուրանքներ են, թե շարժումը պառակտվել է, վերածվել քաղաքապետարանի դիմաց միմոսություն անող մի փոքր խմբի:

«Մի քանի մարդիկ առաջնահերթ են համարել ապօրինություն կատարած պաշտոնյաների պատասխանատվության հարցը եւ այդ հարցն են դրել: Եթե կան մարդիկ, որոնք այլ առաջնահերթ խնդիր են տեսնում, կարող են դնել եւ առաջ տանել: Ես անձամբ կիսում եմ նստացույցի մասնակիցների պահանջները եւ գտնում եմ` հաջորդ քայլը մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելն է: Ամբողջ հարցն այն է, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցի կարեւորությունը չի ընկալվում հանրության կողմից: Մարդկանց համար սոցիալական խնդիրն ավելի ընկալելի է, քան անօրինականության համար պատասխանատու պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու խնդիրը: Այս հարցում ակնկալել, որ ավելի շատ մարդիկ պետք է ներգրավված լինեն, խիստ լավատեսական է այս պահի համար»,- շարունակեց Ռ. Գրիգորյանը:

Նա նաեւ հորդորեց ավելի կոնկրետ փաստերով խոսել այն մարդկանց, որոնք պնդում են, որ շարժման որոշ ակտիվիստներ պայքարում են ոչ թե սկզբունքների համար, այլ իրականացնում են քաղաքական պատվեր կամ փառք ու ճանաչում ձեռք բերելու ցանկություն ունեն. «Նրանք, որոնք նման հայտարարություններ կանեն, կխնդրեմ, որ հիմնավորեն, այլապես ես դա կդիտարկեմ էժանագին բամբասանք»:

Շարժման անդամ Անի Կաղինյանն էլ ի սկզբանե համաձայն չի եղել նստացույց անելու հետ. «Կարծում եմ, որ մի քիչ հապճեպ որոշում էր, կարելի էր քննարկել, գալ ընդհանուր համաձայնության նոր միայն հայտարարել նստացույց: Տրանսպորտի սակագինը 100 դրամ մնալու քաղաքապետի հայտարարությունից հետո շարժման որոշ անդամներ որոշեցին՝ հաջորդ օրը՝ ժամը 12-ին,  գնալ քաղաքապետարանի մոտ: Ինձ թվում է՝ հենց այդտեղից սկսվեց սխալը: Բացի դա պետք է դրվեր միայն Տարոն Մարգարյանի պաշտոնանկության հարցը: Նրա հայտարարությունից հետո բոլորը ուրախությամբ փողոցներում գոռում էին, նշում, բայց նշելու կարիք էլ չկար, որովհետեւ գրված էր ժամանակավոր բառը, այսինքն` դա հաղթանակ չէր: Եւ դրանից հետո հապճեպ որոշում կայացնել ու վազել քաղաքապետարանի մոտ: Ընդհանուր խմբում էլ չէին քննարկել իրենց պահանջները: Պաշտոնյաների հրաժարականներ են ձեւակերպել, բայց ես օրինակ կգրեի պաշտոնանկություն, հրաժարականը ո՞րն է: Պաշտոնանկություն եւ պատասխանատվության ենթարկում: Բայց միեւնույնն է ես որպես ընկեր միայն կարող եմ նրանց սատարել եւ աջակցել: Դա իրենց նախաձեռնությունն է եւ որոշումն է, բոլորը գիտակից մարդիկ են եւ իրենք են ընտրում պայքարի իրենց տեսակը: Շարժման ալիքն ուներ սկիզբ եւ անխուսափելիորեն ունենալու էր ավարտ, սա կյանքի օրենք է եւ չի կարելի գնալ բնության օրենքների դեմ: Ես մեր շարքերում կոնկրետ պառակտում չեմ տեսնում, բոլորս միասին ենք ու գիտեմ, որ միայն միասնությամբ կարող ենք հասնել հաղթանակների»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031