Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդական բողոքի ակցիաները «Բազեի» հետ ընդհանրապես կապ չունեն». Հովհաննես Գաբրիելյան

Օգոստոս 05,2013 22:17

«Երիտասարդական հավաքն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցում են պետական ու ոչ պետական բուհերի ուսանողներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, եւ թե՛ Սփյուռքից: Ինչպես միշտ, այս տարի այն կրկին անց է կացվելու Ծաղկաձորում, որին կմասնակցեն ավելի քան 500 երիտասարդներ: Կլինեն ուսանողներ նաեւ Ջավախքից»,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց «Բազե» հավաքի տնօրեն  Հովհաննես Գաբրիելյանը նշելով, որ այս տարի մասնակիցների թիվն ավելացել է, ինչպես նաեւ  «Բազե -2013» համահայկական երիտասարդական խաղերի մասնակիցներին անակնկալներ են սպասվում:

Ըստ նրա` նախորդ տարի նշվեց «Բազեի» 10-ամյակը, որը եւս մեկ անգամ ապացուցեց, որ «Բազեն» երիտասարդների համար շատ սպասված ու նրանց կողմից սիրված միջոցառում է. «Ամեն  անգամ փորձում ենք միջոցառումը նոր անակնկալներով հագեցնել եւ այս անգամ կլինեն նաեւ փոփոխություններ, որոնք արվել են երիտասարդների առաջարկների հիման վրա»,- ասաց նա հստակեցնելով, որ նախորդ տարիներին ձեւավորվել է 41 ջոկատ, այս տարի դրանց թիվը հասնում է 45-ի: « Մեծացել է նաեւ ջոկատների անդամների թիվը, որով եւ որոշեցինք անակնկալ մատուցել մեր երիտասարդներին: Այս տարի չունենք լրագրողների ջոկատ, բայց փոխարենն ունենք կամավորների ջոկատ»,- հավելեց նա:

Վերջինիս փոխանցմամբ` այս տարի միջոցառումների ցանկում եւս տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Դրանցում ավելացել են մի շարք նոր միջոցառումներ, որոնք նախկինում չեն եղել: «Հեծանվաարշավ, հրաձգություն: Նախորդ տարի ժյուրիի կողմից եղել է առաջարկ, որպեսզի երգերը հնչեն հայերեն լեզվով: «Բազեն» իր պատմության ընթացքում շատ մասնակիցներ է ունեցել, մոտավոր հաշվարկներով մասնակիցների թիվը հասնում է 10000-ի»,- հավելեց նա ընդգծելով, որ «Բազեն» իր մեջ հիմնականում կրում է հայրենասիրության ու ազգային խորհուրդը: Միջոցառման մասնակիցները ներկայացնում են ոչ միայն ազգային երգն ու պարը, այլեւ ցուցադրում են իրենց իսկ ձեռքերով կերտած քանդակները, նկարներն ու արվեստի այլ աշխատանքներ:

Բանախոսն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ բազեականները չեն մասնակցում երիտասարդական բողոքի ակցիաներին, Հ. Գաբրիելյանն ասաց, որ «Բազեի» նպատակը ոչ թե քաղաքական ու քաղաքացիական միջոցառումերին մասնակցելն է, այլ երիտասարդներին կոփելն ու ոգեշնչելը: «Բազեականները տարբեր խմբերի անհատներ են: Նրանք այնքան միջոցառումների են մասնակցում, որ քաղաքական հայացքների մասին չեն մտածում: «Բազեում» ընդգրկված են նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներ: Բազեականները դեռեւս մեկ ամիս առաջ են հավաքագրվել, եւ չեմ կարծում, որ այս քայլով մենք խոչընդոտում ենք նրանց քաղաքական հայացքները: Քաղաքականությունը «Բազեում» բացառվում է»,- ընդգծեց հավաքի տնօրենը պարզաբանելով, որ վերջին քաղաքացիական շարժման մասին խոսել չի ցանկանում: «Երիտասարդական բողոքի ակցիաները «Բազեի» հետ ընդհանրապես կապ չունեն եւ նույնիսկ չեմ էլ  պատկերացնում, թե ինչպես պետք է կապվեն»:

Նշենք` այս տարի «Բազեն» անց է կացվելու օգոստոսի 12-18-ը: Հավաքին կմասնակցեն նաեւ ՀՀ 10 մարզերի ջոկատները:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031