Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում այսօրվանից մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից՝ այսօր առաջադրվողներ չեն եղել:
Տեղեկացնենք, որ պատգամավորի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչեւ օգոստոսի 15-ն է: Այս պահին պատգամավորի թեկնածուների հստակ անուններ տարածաշրջաններում դեռ չեն շրջանառվում: Ինչպես մեզ տեղեկացրել էր Զարուհի Փոստանջյանը՝ «Ժառանգությունը» մտադրություն ունի թիվ 38 ընտրատարածքում առաջադրելու պատգամավորի իր թեկնածուին, սակայն որեւէ անուն դեռ հստակեցված չէ: Վերջինս դեմ չէր նաեւ իր առաջադրմանը:
Ոչ մի անուն չի հրապարակել նաեւ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Դաշնակցության տարածքային կառույցից միայն փոխանցել էին, որ կուսակցությունն ինչ-որ ձեւով մասնակցություն կունենա առաջիկա ընտրություններին՝ կա՛մ իրենց կուսակցությունից թեկնածու առաջադրելով, կա՛մ որեւէ մեկ այլ թեկնածուի սատարելով:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀԿ-ից վերջերս շրջանառվում էր նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի անունը, իսկ մինչ այժմ ՀՀԿ-ն ոչ մեկի անունը չի հայտարարել պաշտոնապես:
Կարդացեք նաև
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակվել են սեպտեմբերի 29-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ