Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի նախաձեռնող խումբը չի բացառում, որ պայքարը կտեղափոխի քաղաքական ասպարեզ. (Տեսանյութեր)

Օգոստոս 05,2013 20:33

Կապանում ստեղծված նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերադարձման ուղղությամբ  խմբի կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները: Խմբի անդամները նշեցին, որ բողոքարկվել է համայնքի ավագանու որոշումը, որին նույնիսկ  դեմ է արտահայտվել մինչեւ այժմ ստորագրահավաքին մասնակցած 11 հազար կապանցի:

Նախաձեռնող խմբի անդամները անընդունելի են համարել, որ համայնքային իշխանությունը, ավագանին առանց կապանցիների կարծիքը հաշվի առնելու համակարգի սպասարկումը որոշել է տրամադրել մի ընկերության, որի գործունեությունից մշտապես իր դժգհությունն է արտահայտել համայնքի բնակչությունը:

Նախաձեռնող խմբի անդամ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ առաջին հերթին պետք է պարզեն, թե 1997թ.-ի կառավարության թիվ 51 որոշմամբ համայնքային սեփականություն համարվող համակարգի ամբողջ գույքից ո՞ր մասն է  այժմ պատկանում համայնքին, եւ որ մասը պետք է իրենց պայքարի արդյունքում վերադարձվի համայնքին:

Նշենք, որ 2010թ.-ին տեղի ունեցած պետական գրանցման արդյունքում՝ համայնքի գույքի մի մասը դարձել է «Հայջրմուղկոյուղու» սեփականություն:  ««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հետ կապված կառավարության բոլոր որոշումները մեզ բավարար հիմք են տալիս պնդելու, որ համայնքի սեփականություն է հանդիսանում ոչ միայն համայնքի ներքին ցանցը, օրվա կարգավորող ջրամբարները, այլեւ՝ գլխամասը, շենք-շինությունները: Մենք բողոքարկելու ենք գույքի պետական գրանցումը, որը 2010թ.-ին է տեղի ունեցել: Գույքի մի մասը պետական սեփականություն է գրանցել եւ դուրս մնացել համայնքային սեփականություն համարվող համակարգից: Բողոքարկելու ենք այդ անօրինական  գրանցումը: Մենք միանշանակ պնդում ենք, որ օրենքի կիրառությունը միատեսակ է. Քաջարանի, Մեղրիի եւ Ագարակի դեպքում չի կարող կիրառվել մեկ այլ ձեւ՝ համակարգն ամբողջությամբ  համայնքի սեփականություն գրանցելով, իսկ Կապան համայնքում չգիտես ինչու գույքը մասնատվել  է եւ որեւէ ձեւով հիմնավորված չէ, թե պետական գրանցումն ինչ փաստաթղթերի հիման վրա է արված», -ասաց նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Էդգար Հովհաննիսյանը:

Տեղեկացնենք, որ ի տարբերություն Կապան համայնքի ավագանու, վերջերս Ագարակի եւ Մեղրի համայնքների ավագանիները հրաժարվել են  ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը հանձնել «Հայջրմուղկոյուղու» կառավարմանը:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Աշոտ Կույումջյանի խոսքով՝ իրենց պայքարը  նպատակ ունի, որպեսզի համայնքում ամսական հավաքագրվող մոտ 20 մլն դրամի գումարները դուրս չտարվեն համայնքից, այլ՝ ծախսվեն համայնքում:

Նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Գասպարյանը կոչ արեց  բոլոր կապանցիներին միանալ իրենց նախաձեռնությանը եւ միասին լուծում տալ խնդրին:

«Ընկերության պատասխանատուները պարբերաբար շեշտում են, որ ընկերությունը վնասով է աշխատում, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են այսօր ցանկանում Կապանում շարունակել ջրամատակարարման ծառայությունը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Կապանում ամսական հավաքագրվում է 25 մլն դրամ, բայց ընթացիկ ծախսերը մոտ 7-8 մլն դրամ է կազմում: Սա խոսում է  ոչ արդյունավետ կառավարման մասին, մենք կարծում ենք, որ կառավարման համակարգն առավել վերահսկելի դարձնելու  համար անհրաժեշտ է  ջրամատակարարման համակարգի սպասարկումն իրականացնի համայնքը»,-նշեց նախաձեռնող խմբի անդամ Արմեն Փարսադանյանը:

Նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Սասուն Մանուկյանը, չբացառեց, որ դեպքերի նման զարգացման պարագայում, հնարավոր է նախաձեռնող խումբը քաղաքում հանրահավաք հրավիրելու առաջարկությամբ հանդես գա եւ սկսված նախաձեռնությունը վերածի քաղաքական պայքարի, ինչը այսօրվա համայնքային իշխանության դեմ կլինի:  «Համայնքային գույքը, ըստ էության, չի տնօրինվում համայնքի կողմից  եւ համայնքապետը  մինչեւ գույքի սեփականությունը եւ նրա հետագա կառավարման նպատակահարմարությունը պարզելը՝ հարմար է գտնում արդարացնել իր իսկ կայացրած որոշումը: Ես համոզված եմ, եթե մեր համայնքային գույքը չտրամադրենք այլ կառավարչի, ապա մեր գույքն այսօր ավելի լավ վիճակում կլիներ: Բացի այդ, եթե ջրամատակարար ընկերության համար շահութաբեր չլիներ Կապան համայնքի ջրամատակարարման համակարգը, ապա իրենք այսօր վերջնագրերով չէին խոսի մեզ հետ:  Այստեղ մենք գործ ունենք ե՛ւ անարդյունավետ կառավարման, ե՛ւ միջոցների փոշիացման հետ: Ցավալին այն է, որ համայնքային իշխանությունը, որպես փաստարկ, նշում է, որ չունեն պայմանագիր եւ չկա հանձնման-ընդունման ակտ: Եթե չկա, ինչո՞ւ չեք պարզում, թե ո՞ւմ է պատկանում այդ ամենը եւ  մինչեւ դա պարզելն ինչո՞ւ եք որոշել գույքը նորից տալ կառավարման», – ասաց Սասուն Մանուկյանը:

Ասուլիսի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ ավագանու որոշումը բողոքարկելուց բացի, վիճարկելու են նաեւ պետական այն գրանցումը, որի համաձայն՝ համայնքի գույքի  մի մասը «Հայջրմուղկոյուղու» սեփականությունն է դարձել: Բողոքարկվելու է նաեւ թիվ 38 ԸԸՀ-ի կայացրած մերժողական որոշումը, որն ըստ բանախոսների, որոշ հարցերում դուրս էր իրավական հարթությունից:  Նշենք, որ նախաձեռնող խումբը դիմել էր ԸԸՀ-ի նախագահին՝ տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով, քանի որ ոտնահարվել էր Կապանի բնակչության դիրքորոշում արտահայտելու իրավունքը, սակայն հանձնաժողովը մերժել էր այն: Նշենք, որ հունիսի 28-ին մի շարք կապանցիներ, նախաձեռնող խմբի աջակցությամբ, դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 07-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատական առաջին նիստը կկայանա վաղը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031