Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողության կորու՞ստ, հարվա՞ծ, թե՞ ալերգիկ հիվանդությունների հետեւանք

Օգոստոս 05,2013 20:07

Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ ըստ նրա, մարտին, ուսուցչուհին մատանիով հարվածել է աչքին:

Ըստ նախնական տեղեկությունների, մարտին, ինչպես լրատվամիջոցներին հայտնել է երեխայի մայրը, երեխան լացելով տուն է եկել, աչքի մեջ կարմրել էր, արյուն լցվել, իսկ տակը ուռել էր. «Հարցրեցի, իմացա, բոլորն այդ ուսուցչուհու համբավը գիտեն գյուղում, նա միշտ էլ աշակերտների հետ այդկերպ է վարվել: Մտածեցի, գնամ դպրոց, որեւէ բան ասեմ, ոչ մի արդյունք չեմ ունենա, իրեն հաղթել հնարավոր չէ»:

Լրատվամիջոցները հայտնել էին նաեւ, որ «ծնողներն օրեր առաջ  ստացել են որդուն զննած բժիշկ Անուշ Ղարիբյանի եզրակացությունը»:

Մինչ այդ առկա է եղել Մալայանի կլինիկայի բժշկուհի Նինա Հակոբյանի զննության արդյունքը, համաձայն որի երեխայի աչքի տեւողությունը իջել է մինչեւ տաս տոկոս, աչքը սնուցող թաղանթն էլ մահացել է, ինչը կարող է հարվածի հետեւանք լինել:

Համաձայն «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի եզրակացության էլ, տեսողության կորուստը կարող է «վարակիչ հիվանդությունների, ալերգիաների, ինչպես նաեւ նյարդային այլ հիվանդությունների պատճառ լինել»:

Ուշադրության արժանի է այն, որ վկա՝ Սուսաննա Գալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Օհանյանի, իրենք բժշկական եզրակացությունների մասին տեղեկացել են լրատվամիջոցների հաղորդումներից:

61-ամյա մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրեն ոչ մի լրատվամիջոց չի դիմել: Ինքը հնարավորություն չի ունեցել ասել նաեւ իր խոսքը:

Նա ասաց, որ ինքը չի հարվածել երեխային, երբեք նման բան չի եղել իր քառասնամյա գործունեության ժամանակ:

Ի պատասխան լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե նմանատիպ դեպք էլ տեղի է ունեցել Նորաբաց գյուղում, ուր աշխատել է, ուսուցչուհին ներկայացրեց Նորաբացի դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների ստորագրությամբ բնութագիրը: Համաձայն այդ բնութագրի. «Սուսաննա Գալոյանն աշխատել է 1975-1994թթ.ապրիլը: 1987-89թթ.աշխատել է որպես դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ: Նորաբացի դպրոցում աշխատելու տարիներին Ս.Գալոյանն աչքի է ընկել աշխատանքային կոլեկտիվի եւ աշակերտների շրջանում: Երբեւիցե աշակերտների կամ ծնողների հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել»:

Ի դեպ, այն տեղեկատվությանը, թե մանկավարժին հեռացրել են աշխատանքից, մեր տրամադրության տակ կա տեղեկանք, որը տրվել է ՀՀ Արարատի մարզի Նորաբաց գյուղի միջնակարգ դպրոց-ՊՈԱԿԻ տնօրենի ստորագրությամբ: Համաձայն դրա էլ, Ս.Գալոյանն 11.04.1997թ. ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:

Ուսուցչուհին հայտնեց, որ երբ տեղեկացել է, թե աշակերտը բողոքել է իր մասին, մեկ այլ ուսուցչի հետ գնացել է նրանց տուն, քանի որ զարմացած էր, թե նման բան է եղել:

9 թոռ 3 երեխա ունեցող մանկավարժը, ասում է, երբ հարցրել է տուն մտած աշակերտին, թե ինքը հարվածե՞լ է  նրան, երեխան նայել է ծնողին, ապա լաց եղել:

Ոստիկանությունը քննել է դպրոցի տնօրենին, դասղեկին, անգամ Գրիգորի համադասարանցիներին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031