Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել: Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչեւ 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Aravot.am-ի հետ զրույցում Ս. Սուրենյանցը կարճ պարզաբանեց, թե գործում «մաքուր ենթատեքստ է տեսնում» ու խոստացավ քիչ ուշ առավել մանրամասն արձագանքել:
Քիչ առաջ մեզ հետ զրույցում Ս. Սուրենյանցը փոխանցեց հետեւյալը. «Ապշած եմ. մարդը բողոք չունի. ես պարտք չունեմ: Եթե գործում տուժող չկա, մեղադրյալ էլ չի կարող լինել ու մեղադրանք չի կարող լինել, դա ամբողջ Եվրոպայում ընդունված դասական սկզբունք է»:
Մեր այն հարցին՝ ո՞րն է իր նշած «մաքուր ենթատեքստը»՝ պարոն Սուրենյանցը պատասխանեց. «Մեր ոստիկանության կամ դատախազության փնթի աշխատանքի ենթատեքստ եմ տեսնում»: Հետաքրքրվեցինք՝ այդ միտումն ինչի՞ հետ է կապում: Քաղաքագետը նշեց. «Ես վերջին շրջանում ակտիվ հոդվածներ եմ գրել: Կարծում եմ՝ դրա հետ է կապված: Ավելին, ինձ հետ այս թեմայով զրուցել են, ու խնդիր չի եղել եւ հանկարծ մեղադրանք է առաջադրվում: Եթե Հեղինեն ասի, կամ քննիչը ստորագրի, որ ես պարտք եմ, ես բոլորից ներողություն կխնդրեմ: Ինչ-որ մարդկանց պետք էր, որ իմ անվան շուրջ սկանդալ լիներ, դա արեց»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞ւմ է դա ձեռնտու, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Պիտի նայեմ, տեսնեմ, թե վերջին շրջանում ում ոտքն եմ տրորել, կասեմ: Միանշանակ այստեղ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, թե չէ այստեղ գործ չկա»: Ս. Սուրենյանցը մեզ հայտնեց, որ բողոքարկելու է, ու միեւնույն ժամանակ նշեց. «Ինչ ուզում են, թող անեն: Եթե ես անմեղ եմ, կանգնեմ գոռամ, որ ես անմեղ ե՞մ»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ