«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանի պատմելով, քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներին քաղաքացիները հաց ու ջուր են բերում, իրենց զորակցությունը հայտնում:
«Պայքարի օջախները հիմա այդքան էլ ակտիվ չեն, բնական է, որ փուլային հաղթանակից հետո մարդիկ իրենց բնական կյանքին են անցել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան է փոխվել: Ամեն դեպքում աջակցությունը ակնհայտ կա, շատ մարդիկ գալիս են հենց նստացույցի վայրում երիտասարդներին տեսակցության, ջուր ու հաց են բերում, մեքենաները ազդանշաններով ողջունելով են անցնում, այնպես չէ որ ինչ-որ բան փոխվել է, պարզապես այն բուռն պայքարը, որ տեսել ենք պարզ է, որ այս պահին չենք կարող տեսնել»,- Aravot.am—ի հետ զրույցում ասաց Կ. Հարությունյանը:
Նա չհերքեց, որ շարժման մեջ «տարաձայնություններ են լինում` կապված նստացույցի մասնակիցների պահանջների նպատակահարմարության հետ. «Մի մասը նույնիսկ ասում է, որ այդ երկուսի հրաժարականը ոչինչ չի փոխի, բայց այդպիսի մարդիկ նույնիսկ պայքարելու փորձ ու գիտելիքներ չունեն, որովհետեւ եթե պատասխանատվությունը նրանց համար կարեւոր չէ, ուրեմն պայքարի մնացած ձեւերը նրանք չեն պատկերացնում: Պատասխանատվության հարցը մեր երկրում ամենակարեւոր հարցերից մեկն է, որը միշտ անտեսվում է, դրա համար էլ նույն երեւույթները կրկնվում են: Եթե երեք հոգին են իրենց վրա պայքարը վերցրել, դա չի նշանակում, որ պայքարը միայն իրենցն է: Նրանց շատերն են աջակցում: Եթե արդյունավետության տեսանկյունից նայենք, միգուցե նստացույցը ինքն իրենով այդքան արդյունավետ չէ, բայց եթե օջախը պահում է ու դրան զուգահեռ գործողություններ են արվում , որոնք օժանդակում ու փոխլրացնում են, արդեն այդ դեպքում շատ տեղին է լինում: Կարեւորը կա բողոքի օջախը: Անընդհատ խոսում են շարժումը պառակտվեց, քայքայվեց, բայց նման բան չկա, մենք միասին ենք: Հիմա ինքնակազմակերպման գործընթաց է գնում, որովհետեւ շատերը նոր են այս ամենի մեջ մտել ու չգիտեն էլ` իրենք ինչ են ուզում անել: Մեր պայքարը կունենա շարունակություն տարբեր ձեւերով: Հիմա մի մասը ուզում է ուսման վարձավճարների թանկացման դեմ, մյուս մասը` ավտոկայանատեղերի ապօրինի որոշումների դեմ պայքարել»:
Կ. Հարությունյանի խոսքերով, իշխանությունները պետք է բավարարեն նստացույցի մասնակիցների պահանջները. «Եթե չեն ուզում` պայքարն ավելի թեժանա, ավելի մեծ պահանջներ դրվեն, պետք է բավարարեն: Այնպես չէ, որ երեք հոգին նստել ու չգիտեն` ինչ են անում, նրանք կոնկրետ պահանջներ են դրել եւ մինչեւ վերջ են գնալու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ