Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիների ուղեվարձը կուզեն կբարձրացնեն, կուզեն` կիջեցնեն. վերահսկող մարմին չկա

Օգոստոս 05,2013 18:31

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումից հետո, մի շարք տաքսի ծառայություններ, ինքնակամ, իրենց ուղեվարձը նույնպես բարձրացրին` պատճառաբանելով գազի թանկացումը: Ուղեւորները պարզել են, որ նույն ճանապարհահատվածի համար տաքսու հաշվիչը  200-300 դրամ ավելի գումար է գրանցում:

«Պրեստիժ» տաքսի ծառայությունից օգտվող ուղեւորներից մեկն այսօր նկատել է, որ  մինչ այդ 600 դրամ «մինիմալ» վճարը, դարձել է 700 դրամ, հաշիվն էլ սկսել է ավելանալ արդեն հաշվիչի վրա ֆիքսված 3.1 կմ-ից: Մինչդեռ «Պրեստիժի» տաքսիների վրա շարունակում են մնալ 1 կմ-ը 100 դրամ գրությունը:

«Պրեստիժ» տաքսի ծառայության պատասխանատուներին, երբ փոխանցեցինք ուղեւորների դժգոհությունը, Արման անունով ներկայացած անձը, որը ոչ մի կերպ չցանկացավ ազգանունն ու պաշտոնը հրապարակել, միանգամից ասաց` «Սուտ են խոսում, չի կարա տենց բան լինի, չի’ կարա: Մեր մշտական հաճախորդների համար մի բան էլ իջեցրել ենք ուղեվարձը: Բայց իմացե’ք, որ Երեւան քաղաքում օրենքով տենց բան գոյություն չունի, մենք ինչքան ուզենանք, էնքան էլ կդնենք մեր ուղեվարձը, ձեռ ա տալիս օգտվում են ձեռ չի տալիս չեն նստում»:

Aravot.am-ին դժգոհություն ներկայացրած անձը  «Պրեստիժ»-ի մշտական հաճախորդ է, որի վկայմամբ, սակագնի ոչ մի իջեցում էլ չի եղել:

«Միգ» տաքսի ծառայությունից նույնպես քաղաքացիները նույն բովանդակությամբ դժգոհություն են հայտնել: Հաճախորդը, որը պարբերաբար օգտվել է «Միգ»-ի ծառայությունից, նույն ճանապարհահատվածի համար միշտ վճարած 900 դրամի փոխարեն, օրերս վճարել է 1200 դրամ: Երբ վարորդից հետաքրքրվել է, թե ուղեվարձը թանկացե՞լ է, պատասխանել է, որ «մինիմալի» սակագինը փոխել են:

Aravot.am-ի հետ զրույցում, այս տաքսի ծառայության պատասխանատուն, որը նույնիսկ անունը չհրապարակեց, կրկին ասաց, որ «նման բան չի կարող լինել, մենք ոչ մի գին էլ չենք թանկացրել»:

Տաքսի ծառայությունն ինքնակամ իրավունք ունի՞ ուղեվարձը բարձրացնելու, եւ ո՞վ է վերահսկող մարմինը, Aravot.am-ի հարցին, տրանսպորտի եւ կապի նախարարությունից պատասխանեցին. «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ տաքսի ծառայությունների փոխադրավարձը համաձայնեցվի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ. դա լիցենզավորման պայման չի հանդիսանում»։

Տնտեսական մրցակցության հանձնաժողովից էլ հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ, քանի որ մի քանի տաքսի ծառայության մասին է խոսքը, այլ ոչ թե բազմաթիվ` որոնք հակամրցակցային համաձայնության կգային եւ ուղեվարձերը կթանկացնեին, իսկ ուղեւորներն էլ այլընտրանք չէին ունենա այլ տաքսու ծառայություններից օգտվելու:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031