Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսակրի միջազգային օրն ու ճանապարհատրանսպորտային երթևեկությունը

Օգոստոս 05,2013 18:09

 

Կարմիր – կանգնիր

Դեղին – զգուշացիր

Կանաչ – ճանապարհը քոնն է

Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար լուսակրի գույներին պետք է հետևել միշտ: Պարզվում է` լուսակիրներին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձրել, քան իրականում պահանջվում է, քանզի 1994թ-ից սկսած յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ը նշվում է որպես լուսակրի միջազգային օր: Նույն թվականին ամերիկյան Քլիվլենդ քաղաքում առաջին անգամ հայտնվեց ժամանակակից լուսակիրների «նախնին»: Այն ուներ կարմիր և կանաչ լամպեր և լույսի փոփոխման ժամանակ ձայնային ազդանշան էր արձակում:

Ամենաառաջին լուսակիրը ստեղծվել է 19-րդ դարում՝ Ջեյ Նայթի կողմից, սակայն 3 տարի անց լամպը պայթել էր և վիրավորել ոստիկանի: Դրանից հետո լուսակիրների մասին մոռացվել էր մինչև 1910թ., երբ ստեղծվեց առաջին ավտոմատ լուսակիրը՝ 2 գույնի լամպերով: Իսկ այ 3 գույնի լամպերով լուսակիրներն սկզբում տեղ գտան ամերիկյան Դեթրոյթ և Նյու Յորք քաղաքներում՝ 1920թ.: Աստիճանաբար լուսակիրները տարածվեցին Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում ու եկան հասան նաև Հայաստան:

Ինչպես ասում են՝ ստեղծելը հեշտ է, պահպանելն է դժվար: Քաղաքացիներից շատերի համար լուսակիրը ոչ մի նշանակություն չունի, նրանք աջ ու ձախ են նայում փողոցն անցնելիս ու գնում առաջ: «Որ ասեմ` միշտ հետևում եմ, սուտ կլինի, երբեմն աշխատանքի կամ այլ տեղ գնալիս արագ անցնում եմ լուսակրին չնայելով, – ասում է 24-ամյա Գայանեն, – իհարկե դա սխալ եմ համարում, բայց հետիոտնին էլ է պետք հասկանալ, ես չեմ կարող այդքան կանգնած մնալ, եթե որևէ տեղ եմ շտապում»:

Իսկ 20-ամյա Նարեն միշտ պահպանում է կանոնները. «Մի անգամ դժբախտ պատահար եղավ իմ աչքի առաջ, երբ հետիոտնը փորձում էր անցնել փողոցը, կողքից էլ մեքենան չնկատեց ու հարվածեց, – պատմում է նա, – այդ օրվանից խուսափում էի փողոցն անցնելուց, գնում էի միայն այն վայրեր, որտեղ կան գետնանցումներ, իսկ հետո նորից սկսեցի անցնել նաև անցումներով, բայց և վախենալով ու երբեք չխախտելով կանոնները»:

Քաղաքացիներն սկսեցին ավելի զգոն և աչալուրջ անցնել փողոցն այն ժամանակվանից, երբ սկսեցին նրանց տուգանել՝ թույլ տված ճանապարհային խախտման համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ հետիոտնի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելու համար սահմանված է տուգանք 3000 դրամի չափով:

«Հիմա չեն էլ տուգանում, էդ սկզբում էր, – հավատացնում է պարոն Հակոբը, – ամեն օր ժամը 9-ից դրսում եմ, էնքա՜ն դեպքեր եմ տեսնում: Ես, որ մեծ մարդ եմ, սպասում եմ կանաչը վառվի, նոր անցնեմ, էս ջահելները չեն նայում ոչ մեկին, անցնում են, բայց ձեն չկա, ոչ մեկ ոչ խոսում ա, ոչ էլ տուգանում, ես էլ մտածում եմ` ի՞նչ խոսեմ, պտտվի երկու բառ ասի, ինձ պե՞տք ա»: Պարոն Հակոբը վստահեցնում է, որ ինքը շատ ուշադիր է օրենքների հարցում, թոռներին էլ, ինչպես ինքն է ասում, բանաստեղծության փոխարեն  ՀՀ օրենքն է սովորեցնում, որ իրազեկված լինեն, սխալ քայլեր չանեն:

Այս ամենի մասին առավել մանրամասն «Առավոտ երիտասարդականը» փորձեց խոսել նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, սակայն նրանցից և ոչ մեկը չհամարձակվեց պատասխանել հարցերի. «Մենք չենք կարող», – պնդում էին նրանք:

 

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031