Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկի թալանող ոստիկանի համար օրինակ է ծառայել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապե՞տը

Օգոստոս 05,2013 18:00

Վերջին շրջանում Գյումրին` իր պաշտոնյաներով, հաճախակի է հայտնվում դատախազության կամ ոստիկանության պաշտոնական կայքում: Մեկ ընթերցում ես, որ մանկապարտեզի տնօրենն է վերցրել աշխատակիցների աշխատավարձերն ու անհետացել երկրից, մեկ դպրոցի տնօրենն է դասագրքերի գումարները յուրացրել, մեկ էլ` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել ոսկու խանութ թալանել:

Հիշեցնենք, որ այսօր թարմ դեպք է գրանցվել. ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը առավոտյան ժամը 4.20 րոպեին փորձել են թալանել քաղաքի կենտրոնում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահը, որին, սակայն, ճիշտ ժամանակին արձագանքել են նրանց կոլեգաները` արժանանալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խրախուսանքին:

Aravot.am-ը լրագրող –վերլուծաբան Համլետ Մոսինյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ի՞նչն է դրդում նման մարդկանց այդքան համարձակորեն գործել` կարի՞քը, թե՞ անպատժելիության զգացումը, որը տիրում է ՀՀ-ում:

«Արդեն զարմանալ պետք չէ, նույնիսկ շատ օրինաչափ է, քանի որ մեր ոստիկանների արդարության և մաքրության աստիճանը շատ լավ գիտենք: Բայց, երբ որ արդեն ոչ միայն կաշառք են վերցնում կամ հանցագործին հովանավորում, անմեղ մարդկանց վրա գործ են սարքում, փող պոկում, այլ իրենք են մասնակցում կողոպուտի, սա արդեն ևս մի անգամ ասում է, որ մեր երկրի վերջը եկել է: Որպես պետություն, մենք արդեն կանգնել ենք անդունդի եզրին:

Ինչո՞ւ է սա օրինաչափ. ոստիկանը մտածում է` էդ ինչո՞ւ վարչապետը կարող է էդ աստիճանի չափը անցնի, որ օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների հաշիվ ունենա, իսկ ես պիտի բավարարվեմ մանր-մունր խուլիգաններ բռնելով, կաշառք պոկելով և այլն: Էդ մարդը մտածում է, որ ինքն էլ իր հսկողության տակ գտնվող ոսկու խանութը պիտի թալանի: Նույն ձևով տնօրենը մտածում է` ես ի՞նչ պակաս տղա եմ, ո՞վ է ինձանից լավ տղա, նա էլ իր ձեռքի տակ եղածն է թալանում:

Կամ մարդիկ, ինչ-ինչ պատճառներով ընկնելով բանկերի թակարդի մեջ, տուժել են, չեն կարողանում փակվել, որոշել են իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունը օգտագործել: Սրանք մեր երկրի բարոյահոգեբանական ընդհանուր պատկերը ցույց տվող լավագույն օրինակներն են, երբ որ համայնքապետ է ընտրվում, կոպիտ բառ չասեմ, թաղի տղան, եթե չասեմ քրեական կենսագրություն ունեցող համայնքապետ, պատգամավոր, ապա մյուսները իրենց ձեռքի տակ եղած հնարավորություններն էլ այս ձևով են օգտագործում, մտածում են`ես ինչո՞ւ համակերպվեմ աղքատանալու հեռանկարին:

Ինչքան ուզում է Գասպարյան Վլադիմիրն ասի, թե ոստիկանության մակարդակը բարձրացրել է, ոստիկանները դրական, լավ գնահատականի են արժանանում քաղաքացիների կողմից և այլն, և այլն, ոստիկանները, տեսնելով նույն վարչապետին, տեսնելով նույն նախարարներին, կուսակցապետերին, իրենք էլ են թալանում, ինչքան բաներ են ժամանակին արվել ու ոչ մի բան չի բացահայտվել», -ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031