Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը:
«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավորության կողմից հաստատվեց կարգը և արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երևանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է և շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից: Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների հետ կապված «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ 13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է քաղաքացիներին: Այդ նպատակով շուրջ 180 GPS սարքավորումներ են տեղադրվել ավտոբուսներում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր երթուղիների կահավորման ուղղությամբ:
Կանաչապատման ծրագրով մայրաքաղաքում ընթացող աշխատանքների վերաբերյալ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով կանաչապատվում և ձևավորվում են նոր ստեղծվող այգի-պուրակները, բակային տարածքներն ու բարեկարգվող մյուս գոտիները:
Կարդացեք նաև
«Ավելի մաքուր Երևան» ծրագրի հետ կապված կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Ծիծեռնակաբերդի տարածքում, որին ակտիվորեն մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններն ու վարչական շրջանների աշխատակազմերը, այնպես էլ հարյուրավոր կամավորներ, այդ թվում վետերաններ, երիտասարդական և հասարակական կազմակերպություններից անդամներ: Այս շաբաթ ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են նախատեսված Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում: Առաջիկայում ծրագիրը կընդգրկի հանրային ընդհանուր օգտագործման նոր տարածքներ:
«Հաղթանակ» զբոսայգում ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և համախապաստան քայլեր ձեռնարկել:
Օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հայտարարված անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ համաբուժարաններ է դիմել 195 քաղաքացի, 5 արդեն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության:
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Կենդանաբանական այգուց: Առաջիկայում մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսված Մանկական երկաթուղում, Ջրաշխարհում, Կարապի լճի հարակից տարածքում և մի շարք այլ վայրերում: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի առավել մարդաշատ վայրերում բաժանվում են տեղակատվական թերթիկներ և թանգարաններ այցելելու հրավիրատոմսեր:
Օգոստոսի 16-ին «Երևանյան ամառ» միջոցառումների շարքում մայրաքաղաքում անցկացվելու է հեծանվային մարաթոն, ինչպես նաև հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողություն:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Էրեբունի-Երևան տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն