Ի՞նչ են լինելու այն վարորդների գումարները, ովքեր ավտոկայանատեղերի համար արդեն վճարել են օգոստոս ամսվա պետական տուրքը, սակայն, փաստորեն Երեւանի քաղաքապետարանը այս ամսվա 2-ին որոշեց կայանատեղերի պետտուրքի վճարումները հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, այսինքն` օգոստոսը կայանելու համար դարձավ անվճար:
Այս օրերին Aravot.am-ին են դիմում են մի շարք քաղաքացիներ, որոնք մտահոգություն ունեն, որ իրենց այս ամիս վճարած 2000 դրամները «կորելու» են եւ, չնայած կարգապահ եւ պարտաճանաչ վճարում են կատարել, սակայն հայտնվել են տուժողի կարգավիճակում:
Քաղաքապետարան դիմած վարորդներին հստակ պատասխան չեն տվել, բայցեւ հանգստացրել են`գումարները չեն կորի:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից Aravot.am-ին ասացին, որ ոչ մի քաղաքացու գումար չի կորչի, այն անձինք, որոնք արդեն օգոստոսի վճարումը կատարել են, ապա կարող են գրավոր դիմել քաղաքապետարան` վերահաշվարկ կատարելու համար, որից հետո այդ գումարը կփոխանցվի սեպտեմբեր ամսվան: Իսկ այն քաղաքացիներն էլ, որոնք մինչեւ դեկտեմբերի 31-ի համար են վճարում կատարել, ինչպես տեղեկացրեցին քաղաքապետարանից, նույնպես պետք է գրավոր դիմեն քաղաքապետարան, վերահաշվարկից հետո նրանց գումարները կվերադարձվեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մայրաքաղաքի որոշ հատվածներում` հիմնականում կենտրոնական փողոցներում, կարմիր գծանշումներով վայրերում կայանելու համար պետտուրք է պետք վճարել:
Ավտոկայանատեղերը շահագործում է «Փարկինգ սիթի սերվիսը», որը մեկ ժամ կայանելու համար 100 դրամ է գանձում, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 12 հազար դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ