Ահա թե ովքեր են կողմ Երեւանում ներքաղաքային ուղեվարձը 150 դրամ դարձնելուն
Նյութը գրելու գաղափարն ու հուշումը ծանոթներիցս մեկինն է: Հենց նա է առաջարկել ուսումնասիրել տրանսպորտի թանկացմանը կողմ արտահայտվող պաշտոնյաների` Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանի եւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կենսագրականները: Բերվող բոլոր մեջբերումները պաշտոնապես հրապարակված կենսագրականներից են:
Ալբերտ Գեւորգյանը 64 տարեկան է, Հենրիկ Նավասարդյանը` 60: Ալբերտ Գեւորգյանը Երեւանում է ծնվել, Հենրիկ Նավասարդյանը` Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղում: Ալբերտ Գեւորգյանը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, Հենրիկ Նավասարդյանը`մեխանիկ-մեքենաշինարար: Ալբերտ Գեւորգյանը աշխատանքային կարիերան սկսել է 22 տարեկանում` նշանակվել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրության կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյի ավագ ինժեների պաշտոնում: Հենրիկ Նավասարդյանը 23 տարեկանում` Երեւանի համար 14 տեխնիկական ուսումնարանում արտադրական ուսուցման վարպետ, դասատու։ Մինչ այդ դեռ 20-ը չբոլորած Նավասարդյանը ներկարար է եղել Երեւանի Սպանդարյան շրջանի բնակարանների վերանորոգման գրասենյակում:
Ալբերտ Գեւորգյանը տրանսպորտային ընկերություններ է ղեկավարել խորհրդային պետությունում, անկախ Հայաստանում եղել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Մհեր Սեդրակյանի տեղակալը, խորհրդականը: Հենրիկ Նավասարդյանը 1994-2008 հատվածում աշխատել է Երեւանի միկրոավտոբուսային ուղեւորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունում որպես շահագործման բաժնի պետ, շահագործման գծով տեղակալ, գործադիր տնօրեն, տնօրեն։
Կարդացեք նաև
Ալբերտ Գեւորգյանի կենսագրականում բացակայում է 2003-2009 ժամանակահատվածը: Գեւորգյանը չի ասում, թե այդ միջոցին որտեղ եւ ինչով է զբաղվել: Հենրիկ Նավասարդյանի կենսագրականում բացեր չկան:
Կենսագրականներից դուրս լուրեր կան, որ Ալբերտ Գեւորգյանին սատարում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, հիմա` ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, իսկ Հենրիկ Նավասարդյանին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Խորհրդային միությունում ղեկավար եղած Ալբերտ Գեւորգյանը խորհրդային ոճի չինովնիկ է` որոշումներ կայացնելիս դիմացինի կարծիքը, հանրության տրամադրությունները հաշվի չի առնում` 100-ը դառնում է 150 եւ վերջ: 21 տարվա խորհրդային դասատուի ստաժով Հենրիկ Նավասարդյանը սովորեցնում է, դիմացինին չի լսում` 100-ը դառնում է 150 եւ վերջ:
150 դրամանոց ուղեվարձին կողմ այս անձինք սովոր չեն լսել ուրիշին, թեեւ ներքուստ կհամաձայնվեին, որ դիմացինն է իրավացի, որ իրենք վերջին ատյանի ճշմարտություն չեն բարբառում, որ առաջարկվող այլընտրանքը միանգամայն ընդունելի է եւ այլն: Բայց սովոր չեն ու դրա համար պնդում են, որ իրենք են ճիշտը: Երկուսի էլ կենսաթոշակի տարիքը մոտ է: Հարգելիներս վաստակած հանգստի գնացեք լավ գործ անելով` մի բարձրացրեք ուղեվարձը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ