Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ես ապաշխարելու բան չունեմ, առավել ևս պոռոտախոսներին պատասխանելու հարցում»

Օգոստոս 05,2013 16:51

Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե նորմալ չէր պետական միջոցներով Պարույր Հայրիկյանի հետվիրահատական ծախսերը հոգալը և Հայրիկյանի՝ մատաղի արարողության ու փարթիի միջև զուգահեռներ անցկացրեց, սկսվեց Հայրիկյան-Սաֆարյան հեռակա բանավեճը: Հակամարտությունը հասավ անգամ նրան, որ Պարույր Հայրիկյանը ծաղրեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով. «Ստոպիկը չի՞ դրա օգնականը», «Նա որեւէ մեկի հետ հարց չի քննարկել, բացի Պուտինից» եւ այլն: 

Այսօր այս հակամարտության առիթով «Պատասխան Ստյոպա Սաֆարյանին» վերնագրով հոդվածով  հանդես է եկել Արսեն Պողոսյանը: Նա մասնավորապես գրում է. «Քո և հայաստանյան քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասի ընդհանրությունն այն է, որ բոլորդ էլ Պարույր Հայրիկյանի դեմ եք գործել և գործում: Քանի որ ազգային-քաղաքական հարցերում դուք ասելիք չունեք, ստիպված հարձակվել եք այն մարդու վրա, ով հանուն հայրենիքի ոչ միայն զոհել է ամեն ինչ, այլև կարողացել է ճշգրտորեն նախանշել և առաջնորդել մեզ՝ մեր պետականության կերտման ճանապարհին»:

Այնուհետև Ա. Պողոսյանը Ս.Սաֆարյանին ապաշխարելու կոչ է անում. «Դու և քո նմանները ատում եք Հայրիկյանին, որովհետև ոչ մի ընդհանրություն չունեք այն արժեքների հետ, որի համար ողջ գիտակցական կյանքում պայքարել է նա: Պարզապես «ընդդիմություն խաղալով»՝ մասնակից եք այն դիմակահանդեսին, որի հետեւանքով մեր ազգը դեպի կործանում է գնում: Դու և քո նմանները, թերևս, կարող եք մարդկանց ապակողմնորոշել, բայց Աստծուն էլ հո չե՞ք կարող խաբել: Փորձելով ցեխ շպրտել Հայրիկյանի վրա՝ ինքներդ եք ցեխոտվում և հոգեպես ապականվում: Ի՞նչ խորհուրդ կտամ քեզ… Ապաշխարի՛ր… Սա ասում եմ քո իսկ հոգու փրկության համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն իր հասցեին հնչած հայտարարություններին այսպես արձագանքեց. «Ուրախ եմ, որ ի տարբերություն Պարույր Հայրիկյանի և նրա շրջապատի՝Պողոսյանը գոնե բարեկիրթ արձագանք է տվել, բայց ուրիշին ապաշխարելու կոչ անելու փոխարեն, թող իրենք գնան ապաշխարեն: Ապաշխարելու բան չունեմ, առավել ևս պոռոտախոսներին պատասխանելու հարցում»:

Շարունակելով՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Եթե Արսեն Պողոսյանն իր համար աստվածություն է ստեղծել՝ ի դեմս Հայրիկյանի՝ ապա թող ինքը երկրպագի այդ Աստծուն օրվա 24 ժամը»:

Ս. Սաֆարյանը Հայրիկյանի դեմ մահափորձի մասին նույն կարծիքին է, որ այն իրական չէր: Նա եզրափակելով՝ ասաց. «Հետևել եմ դատավարությանը և համապատասխան հայտարարություն արել եմ դատավարության ընթացքում դիտված, մեղմ ասած, տարօրինակ փաստերի մասին: Մնացածի մասին թող Հայրիկյանը կամ մյուսները մտածեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031