Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատասխան Ստյոպա Սաֆարյանին. «Երազում էիք, որ Հայրիկյանը գոնե հաշմանդամ մնա»

Օգոստոս 05,2013 16:01

Քո և հայաստանյան քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասի ընդհանրությունն այն է, որ բոլորդ էլ Պարույր Հայրիկյանի դեմ եք գործել և գործում: Քանի որ ազգային-քաղաքական հարցերում դուք ասելիք չունեք, ստիպված հարձակվել եք այն մարդու վրա, ով  հանուն հայրենիքի ոչ միայն զոհել է ամեն ինչ, այլև կարողացել է  նախանշել պայքարի ճիշտ ուղին և առաջնորդել մեզ՝ մեր պետականության կերտման ճանապարհին:

Մի՞թե դու և քո կուսակցության առաջնորդն եք ԽՍՀՄ բռնատիրության տարիներին պայքարել հանուն Հայաստանի անկախության, հետագայում էլ՝ Սահմանադրության ընդունման, ազգային բանակի կայացման համար: Կամ դո՞ւք եք, որ պայքարել եք մեր երկրում սահմանադրական բարեփոխումների, ժողովրդավարության հաստատման և մասնավորապես՝ համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ձևավորման, այսինքն՝ դրա կուսակցականացման համար: Մի՞թե դուք եք, որ ներկայումս բարձրաձայնում եք Ռուսաստանի կողմից մեր հանդեպ իրականացվող գաղութատիրական քաղաքականության մասին:

Կարո՞ղ ես նշել մի կարևոր ազգային-քաղաքական հարց, որ դու կամ քո կուսակիցները առաջ եք քաշել և պայքարել դրա կյանքի կոչման համար: Այնպես որ, երբ բողոքում և ափսոսանք ես հայտնում, թե ինչո՞ւ է պետությունը Հայրիկյանին գումար տրամադրել արտերկրում բուժվելու համար, նախ մտածիր, թե դու կատարածդ ո՞ր գործի համար ես վարձատրվում:

Ակնհայտ է, որ այս դեպքում քո  և  զինակիցներիդ մեջ ոչ թե արդարամտությունն է խոսում, այլ ոխերիմ թշնամանքը Հայրիկյանի հանդեպ:

Ձեզ անընդհատ մտատանջում է այն հարցը, թե ինչո՞ւ է Հայրիկյանը մինչ օրս ողջ մնացել, կամ երազում էիք, որ գոնե հաշմանդամ մնա:

Որքան էլ դու Հայրիկյանին «ստախոս», «պատմությունը կեղծող» անվանես, միևնույն է՝ միջազգային հանրությունը նրան ճանաչել է որպես 1988-1991 թվականների ԽՍՀՄ ազգային-ժողովրդավարական շարժումների առաջնորդ: Իսկ դո՞ւ ով ես և քաղաքական ի՞նչ վաստակ ունես: Դու և քո նմանները պարզապես պատրանք եք ստեղծում, թե քաղաքական գործիչ եք և ծառայում եք ազգին ու հայրենիքին:

Եթե տեղյակ չես, ասեմ, որ Պարույր Հայրիկյանը, ի տարբերություն քեզ, քաղաքականությամբ զբաղվել է այն ժամանակ, երբ նրան ոչ թե իշխանական, այլ մեղադրյալի աթոռն էր սպասում:

Եվ մի՞թե դու ես այն տասնյակ հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի հեղինակը, որոնք անկեղծ նվիրումից և ոգու թռիչքից միայն կարող էին ծնունդ առնել:

Դու ասում ես, թե Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը իրական չէ, բայց ժամանակին, երբ կոմսոմոլ ես եղել, կասկածի տակ դրե՞լ ես ձեր սիրելի Լենինի դեմ իրականացված մահափորձը: Խոսում եք նաև 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, ուզում եք, որ աշխարհն այն ճանաչի և ընդունի, սակայն ուրանում եք ձեր աչքի առաջ այսօր կատարված եղելությունը:

Դու և քո նմանները ատում եք Հայրիկյանին, որովհետև ոչ մի ընդհանրություն չունեք այն արժեքների հետ, որի համար ողջ գիտակցական կյանքում պայքարել է նա: Պարզապես  աթոռակռվի մեջ «ընդդիմություն խաղալով»՝ մասնակից եք այն դիմակահանդեսին, որի հետևանքով մեր ազգը դեպի կործանում է գնում:

Դու և քո նմանները, թերևս, կարող եք մարդկանց ապակողմնորոշել, բայց Աստծուն էլ հո չե՞ք կարող խաբել: Փորձելով ցեխ շպրտել Հայրիկյանի վրա՝ ինքներդ եք ցեխոտվում և հոգեպես ապականվում:

Ի՞նչ խորհուրդ կտամ քեզ… Ապաշխարի՛ր… Սա ասում եմ քո իսկ հոգու փրկության համար:

Արսեն ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031