Aravot.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անդրադարձավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարություններին, կապված հայ–թուրքական սահմանին սպանված հովվի դեպքին, ինչի առիթով Հայաստանի արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, ցավ արտահայտել դեպքի կապակցությամբ, հույս հայտնելով, որ նմանատիպ դեպքեր չեն կրկնվի, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դիվանագիտական նոտա է հղել Երևանին` սահմանախախտ հովվին սպանելու համար` հայերին դատապարտելով «անհավասարաչափ ուժ» կիրառելու մեջ:
– Ամբողջ տարածաշրջանում կենտրոնացված շահերը, հետաքրքրությունները, հին ու նոր բաժանարար գծերը սկսում են ճոճվել եւ այդ պրոցեսը գնում է ամբողջ աշխարհում: Քանի որ մեր տարածաշրջանը պատմականորեն եղել է մարդկության ամենաթեժ կետերից մեկը, դրա համար էլ մենք այստեղ ավելի շատ ցնցումներ ենք զգում, եւ ես այդ ամենը կապում եմ տարածաշրջանում առկա ցնցումների հետ: Հայաստանին զգոնություն է պետք, բայց ոչ հարմարվողական քաղաքականություն, որը վարվում է մեր իշխանությունների կողմից: Այսինքն՝ պետք է լինի զգոնություն, որի հիմքում կա ազգային քաղաքականությունը, բայց քանի որ մեզ մոտ ազգային քաղաքականություն չկա, դրա համար էլ միայն հարմարվողական քաղաքականություն է վարվում:
Կարդացեք նաև
– ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը բավական չէր, մենք չգիտենք՝ սպանվածն արդյոք հովի՞վ էր: Բացի այդ՝ ինչո՞ւ է մեզ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով ինչ– որ բան հասցվում:
– Հայաստանը այս կամ այլ իրավիճակներում թվում է, թե հավասարակշռված քաղաքականություն է վարում, բայց մենք հաճախ չենք զանազանում հավասարակշռված եւ շառից, փորձանքից հեռու քաղաքականությունը: Մամուլում տեղեկություններ կար, որ այդ մարդը հասարակ հովիվ չէր, հավանական է, որ միտումնավոր է փորձել անցնել սահմանը ու կախված դրանից, թե դա ինչ իրավիճակ է, նոր կարելի էր որոշել հավասարաչափ արձագանք էր, թե ոչ: Իսկ ամեն անգամ փորձել մեղմել՝ ես դրա կողմնակից չեմ:
Բացի այդ, չէ որ մեր արտաքին սահմանը իրականության մեջ հայկական կողմը չէր պահում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ մեր արտաքին սահմանը մեր ուժային կառույցների կողմից չի վերահսկվում, ռուս սահմանապահներն են կրակ բացել, իսկ ինչու այդ կողմից արձագանք չկա: Հարց է առաջանում: Փաստորեն իրականության մեջ Հայաստանի սահմանը վերահսկվում է ռուսական ուժերի կողմից, բայց խոսում է միայն Հայաստանի արտգործնախարարությունը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Այպես չի , որ մեր արտաքին սահմանները ռուս սահմանապահները վերահսկում են հակառակ մեր ցանկության: Մենք նույնիսկ մի քիչ անհարմար ենք զգում խոստովանել , որ մեր սահմանապահները հայերը չեն: Եվ եթե ընդունում ենք ու անհրաժեշտ ենք համարում ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին, ապա երբեմն պետք է հանդուրժենք նաև այդպիսի ոչ ցանկալի միջադեպերը: Ի դեպ նույնը կարող էր անել նաև հայ սահմանապահը:
Բայց , իհարկե , լավ կլինի որ մեր ղեկավարությունը քննարկի այդ հարցը և թույլ չտա, որ կրկնվի: