Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիարժեք կյանք» բարեգործական հ/կ-ին նվիրաբերված տարածքը վերանորոգվել է

Օգոստոս 05,2013 15:02

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ամառային ներառական ճամբարներում իրենց հանգիստը վայելող ՀՀ տարբեր մարզերի հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող երեխաներին այսուհետ կընդունի սեփական վերանորոգված հարկի տակ:

Այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինությունը բանկին պատկանող Ստեփանավանի մերձակա «Էլեն» պանսիոնատի տարածքը նվիրաբերեց հասարակական կազմակերպությանը, պանսիոնատի տարածքում շատ բան է փոխվել:

Բանկի ֆինանսական աջակցությամբ նվիրաբերված տարածքը նաեւ վերանորոգվել է:

«Մենք չէինք կարողանա այս ամենն անել, եթե չլինեին մեր աջակիցների ներդրումները: Հատկապես կարեւորում եմ բիզնեսի եւ հասարակական հատվածի համագործակցությունը, որը նմանատիպ պտուղներ է տալիս»,-նշեց «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը` նկատելով, որ վերանորոգումն իրականացվել է անհամեմատ սեղմ ժամկետներում:

Նա տեղեկացնում է, որ այս տարի ճամբարում նախատեսվում է կազմակերպել շուրջ 150 երեխայի ամառային հանգիստը,սակայն, վերանորոգումն արդեն թույլ է տալիս հաջորդ տարի այդ թիվը հասցնել 200-500-ի:

«Վերանորոգման պայմաններում երեխաների թիվը կավելանա: Ներառական ճամբարները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող երեխաներին շփվելու միմյանց հետ:Կարեւոր է, որպեսզի միջավայր ստեղծվի, որը եւ կպրոյեկտի ամբողջ հասարակությունը այն իմաստով, որ այս հասարակարգի յուրաքանչյուր անձ մասնակիցը կկարողանա լինել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում` անկախ որեւէ հանգամանքից` լինի դա հաշմանդամություն կամ մի այլ երեւույթ, ինչը կարող է ինչ-որ չափով սահմանափակել մարդկանց կարողությունները: Մենք հավատում ենք, որ հասարակությունը պետք է լինի ներդաշնակ, ու հավատում ենք, որ այն ընկերությունը, միջանձնային հարաբերությունը, այն աուրան, որ երեխաները այստեղ կստանան, կպրոյեկտվի, եւ նույնը հասարակությանը կվերադառնա»,-ասաց Սուրեն Մաղաքյանը:

«Անցած տարի տարածքը նվիրաբերելու ժամանակ հասկացանք, թե ինչ կարեւոր է այն այս երեխաների համար, եւ քանի որ այն անմխիթար վիճակում էր, որոշեցինք վերանորոգել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսեւը:

Նա հավելեց, որ ապագայի ծրագրերում նախանշված է նաեւ տարածքում ստեղծել սպորտային-վերականգնողական հատված:

«Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գումար են աշխատում այս երկրում, պետք է թեկուզ բարեգործական ծրագրերով վերադարձնեն դրա մի մասը երկրին, հոգ տանեն երեխաների մասին, այն մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով ունեն քիչ հնարավորություններ ինչ-որ բան անելու»,-եզրափակեց Յուրի Գուսեւը:

PrevPhoto
NextPhoto

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031