Այսօր Մ. Սարյանի արձանին հարակից սրճարաններից մեկում տեղի ունեցավ Ներազգային ազատագրական շարժման հիմնադիրներից մեկի՝ Վահան Մարտիրոսյանի բացօթյա մամլո ասուլիսը, որտեղ խոսվեց նորաստեղծ շարժման գաղափարախոսության և պայքարի հիմնական դրույթների մասին.
«Շարժումը ստեղծվել է այն ժամանակ, երբ հասկացանք, որ քաղաքացիական շարժումը իրենից ավելի մեծ ուժ կարող է ներկայացնել, քան, ինչու չէ, կուսակցությունները: Շարժման սկիզբը համարվելու է հինգշաբթին. ժամը 11:00-ին հավաքվելու ենք Կառավարության շենքի դիմաց և պահանջելու ենք ուսման վարձերի թանկացման կասեցումը»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարության առնչությամբ, թե ուսման վարձերի թանկացումը ռեկտորների խորհրդի գործն է, ու ինքը կապ չունի դրա հետ, ՆԱՇ առաջնորդն ասաց.
Կարդացեք նաև
«Մենք գիտենք, որ դա այդպես չէ, բայց եթե ռեկտորների խորհուրդն է որոշում, թող խորհուրդն էլ կասեցնի, կամ Ազգային ժողովը որոշում ընդունի: Եթե բուհ-երը վճարում են հարկերը, արտոնյալ պայմաններ են ստեղծվում նրա համար: Բուհ-ը այսօր վճարում է նույն հարկը, ինչը` ստրիպ ակումբի տնօրենը: Ոչ մի նորմալ երկրում այսպիսի բան չկա»:
Ըստ առաջնորդի՝ ուսման վարձերի թանկացումը միակ պայքարի ուղղությունը չի լինելու. ՆԱՇ-ը անելու է այն ամենը, ինչը նպաստում է ազգային շահին:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ