Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանները խոչընդոտում էին, որ Տիգրան Առաքելյանը գրկի ու համբուրի իր պապիկին (Տեսանյութ)

Օգոստոս 05,2013 13:48

Այսօր Վերաքննիչ դատարանը քննում է ՀԱԿ ակտիվիստների գործը: Մինչ դատական նիստը Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ ոչ մի հույս չունի, որ որեւէ դատարան Հայաստանում ճիշտ վճիռ կկայացնի. «Ժողովուրդ, հո լուրջ չե՞ք ընդունում էս ամեն ինչը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այն, որ Վճռաբեկ դատարանը որոշ խախտումներ էր նկատել եւ գործը նորից ուղարկեց Վերաքննիչ դատարան, դրանից ոչինչ չի՞ կարելի եզրակացնել՝ Տիգրանը պատասխանեց. «Ի՞նչ կարելի է եզրակացնել: Որոշեցին, որ պետք է նորից քննվի գործը: Չգիտեմ, արդեն դատարանն այնքան է արժեզրկվել, հեղինակազրկվել, որ ես անձամբ դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այստեղ արդար դատաքննություն է լինելու, եթե նման բան լինի, ուրեմն ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան փոխվել է: Գոնե այս գործով այստեղ չի փոխվելու ոչ մի բան»:

Դատախազության առջեւ օրերս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում էր, որ միջազգային կառույցների կողմից լուրջ ճնշում կա իշխանությունների վրա: Այս առնչությամբ մեր հարցին Տիգրանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, սա մեր գործն է, ոչ թե միջազգային  մարմինների: Ուրիշների գործը չի, մեր գործն է՝ ուժեղ կլինենք, ուրեմն կլինի արդար որոշում, ուժեղ չենք լինի, ուրեմն միշտ կլինենք ճնշված, կմնաք այսպես մեղավոր»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է իրեն զգում Տիգրան Առաքելյանը, արդեն երկու տարի է՝ բանտում է: Նա պատասխանեց. «Շատ լավ: Ես լուրջ չեմ ընդունում, երեւի դրանից է: Նորմալ է, ամեն ինչ նորմալ է: Հումորով եմ վերաբերվում»:

Դատական նիստի ընդմիջմանը դահլիճում հուզիչ տեսարան էր: Տիգրանը մի քանի վայրկյան արագ ողջագուրվեց բարեկամների հետ: Ոստիկանները նրա ձեռքերից բռնել էին եւ արդեն կանչում էին նրան՝ վրա հասավ Տիգրանի պապիկը, որին նա դեռ չէր հասցրել գրկել ու համբուրել: Պապիկը բղավեց՝ «Տիգրան, ես եմ, պապիկդ, բա ի՞նձ»:  Տիգրանը, ընդդիմանալով իրեն խոչընդոտող ոստիկաններին, մարմնով մի կերպ առաջ եկավ եւ գրկեց պապիկին: Այնուհետեւ նրանց միացավ Տիգրանի մորաքույրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031