Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը:
Դատական նիստին ներկա է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ դատարանը կարդարացնի տղաներին՝ Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին եւ Սարգիս Գեւորգյանին:
Դատարանի դահլիճում Տիգրան Առաքելյանին ընդունեցին բուռն ծափերով:
Կարդացեք նաև
Տիգրանը վստահեցրեց, որ իրեն ֆիզիկապես լավ է զգում, բայց այս դատարանից որեւէ հույս չունի, որեւէ վստահություն չունի, որ արդար վճիռ կլինի: Նա ասաց, որ իրենք՝ ՀԱԿ ակտիվիստները, սխալ տեղում են նստել. «Ոստիկանները պետք է այստեղ նստած լինեինք, մենք՝ իրենց տեղում՝ որպես վկա»:
Նշենք, որ դատական նիստը սկսեց խիստ լարված: Դատավորը լրագրողներին դիմելով՝ հորդորեց նկարահանումներ անել առաջին տասը րոպեների ընթացքում, ինչը հարուցեց Տիգրան Առաքելյանի դժգոհությունը: Վերջինս ոտքի կանգնեց եւ վրդովվեց՝ ասելով, որ «Կարող է ես 11-րդ րոպեին խիստ կարեւոր հայտարարություն եմ անում եւ ուզում եմ այն լուսաբանվի: Մի՛ սահմանափակեք մեր իրավունքները: Եթե պիտի այդպես անեք, հենց հիմա վճիռը կայացրեք, ես էլի կգնամ կնստեմ»: Դատավորը կոչ արեց էմոցիաներից զերծ մնալ եւ ասաց, որ դատական նիստի վերաբերյալ որոշումները կայացնում է ինքը՝ դատավորը:
Տիգրանը նաեւ միջնորդություն ներկայացրեց իր պաշտպան Վահե Գրիգորյանին փոխելու: Նոր պաշտպանը Մուշեղ Շուշանյանն էր: Նա բացարկ հայտնեց՝ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի դեմ: Սակայն Տիգրան Առաքելյանն ու իր ընկերները չպնդեցին դա՝ ասելով, որ ով էլ լինի Հակոբ Մարտիրոսյանի տեղը, վարվելու է նույն կերպ:
Այժմ դատավորը ճշտում է ՀԱԿ ակտիվիստների ինքնությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ