«Մկան դուխը, մինչև բնի դուռն է» ժողովրդական ասացվածքը ցույց է տալիս, որ սեփական տանը, բոլորն էլ քաջ են՝ առյուծ գզող, բայց հենց դռնից հեռանում են, վախը սրտերն է ընկնում: ՀՀ իշխանությունների ուժը միայն սեփական ժողովրդի վրա է պատում, մինչդեռ ուրիշներին քծնում են ու պոչ խաղացնում, ու ինչպես միշտ, էդ ամենը ժողովրդի ջանից է դուրս գալիս, կամ այլ կերպ ասած, դրա դիմաց վճարում է խեղճ ժողովուրդը:
ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը թուրքական ԱԳՆ-ի հայտարարությանը, բավականին նուրբ էր, թերևս նուրբ բառը տեղին չէ, քանի որ նուրբ բառը այս համատեքստում ենթադրում է որոշակի քաղաքական նյուանսներ, բայց որ քծնող էր դա հաստատ է: Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին գործերի նախարարությունում, այդ օրը աշխատակիցներից մեկն իր երեխային էր բերել աշխատանքի վայր ու այդ երեխան, հանկարծ տեսնելով թուրք ձյաձյաների ջղային նամակը, վախենում է ու որոշում ներողություն խնդրել, որ հանկարծ մեծ աղմուկ չառաջանա ու ոչ ոք գլխի չընկնի, որ ինքը կարդացել է այդ նամակը: Ու ինչպես ասվում է ռուսական մի թևավոր խոսքում «Не виноватая я, он сам пришел »: Դե շառ էր, ինքն իր ոտքով եկավ ու մեզ կպավ:
Մի քանի հոդվածներ եմ կարդացել այս թեմայի շուրջ ու զարմացած եմ, որ ոմանք ջանադրաբար մեղքը փաթաթում են ռուսների վզին, իբր այդ սահմանի պահպանումը, հայերը վստահել են ռուսներին և բնականաբար ռուսներն են պատասխանատու միջադեպի համար: Ուրեմն հարց, իսկ ինչո՞ւ ռուսները չարձագանքեցին Անկարայի հայտարարությանը և սպառնալիքին: Պատասխանը ակնհայտ է, որ որքան էլ որ ռուսները (ըստ ոմանց) ՀԱՊԿ-ի ընդհանուր սահմանն են պահպանում, այդքան էլ դա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Եթե դա ՀԱՊԿ-ի սահմանը լիներ, ուրեմն ՀԱՊԿ-ն պետք է պաշտոնական բողոք հղեր Թուրքիայի ԱԳՆ-ը, որ վերջիններս կարողանան վերահսկելի և ապահով դարձնեն սեփական ժողովրդի մուտքը պետական սահմանի տարածքներում: Փաստորեն, դա ՀԱՊԿ-ի սահմանը չէ, այլ ՀՀ-պետական սահմանն է և ինչպես երևում է մեր ԱԳՆ-ն պատասխանից, ՀՀ իշխանությունները ըստ հարկին վախեցած են թուրքական կողմի սպառնալիքներից:
Հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները շատ լուրջ են ընդունում թուրքական կողմի սպառնալիքները, մինչդեռ թուրքական կողմը ցույց է տալիս, որ Հայաստանը այն պետությունը չէ, որին իր հայտարարություններում լուրջ վերաբերմունք ցուցաբերեր:
Ո՞ւր հասանք: Արդյունքում հասանք այնտեղ, որ սպանված սահմանախախտի եղբայրը՝ Ռամազան Ուլքերը, որոշել է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:
Չեմ մեղադրում Ուլքերին, քանի որ Եվրոպական ատյաններում հաճախակի են դատական հայցեր ներկայացվում Հայաստանի Հանրապետության դեմ՝ մեր սեփական ժողովրդի «աղանդավոր» զավակների կողմից, էլ ուր մնաց, որ թուրքը լռեր:
Եթե նույնիսկ այդ միջադեպը հրահրվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպես Հայաստանի վրա կիրառված ճնշումների ևս մի միջոց, ապա մի բան հաստատ դրական է դրանում, նախ այն, որ թուրքական իշխանություններին մի ազդակ տրվեց, որ ցանկացած տիպի սահմանախախտումներ, կգտնեն իրենց համարժեք պատասխանը: Բայց վատն այն է, որ Հայաստանի իշխանությունների պատասխանը թուրքական սպառնալիքին այնքան մեղմ էր, որ կասկածանքի տակ դրեց նույնիսկ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, դե արտաքին քաղաքականությունն արդեն կասկածի տակ է, դա պարզ երևում է Անկարայի պաշտոնական հայտարարությունում:
Համոզված եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը, պետք է համարժեք լինի մեր զինված ուժերի մարտունակությանը, հակառակ դեպքում, մենք պարզապես ապացուցում ենք այն վարկածը, թե Հայաստանը ռուսական ֆորպոստ է, իշխանությունները՝ խամաճիկներ, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը՝ Ռուսաստանի սեփականությունն է: ՀՀ իշխանությունները պետք է սթափ գիտակցեն, որ նման և այլ բնույթի դեպքեր հաճախակի են պատահելու և բոլորից «քերվել», թե «Не виноватая я, он сам пришел» ՝ չի ստացվի:
Մամիկոն ՀԱՄԲԱՐՅԱՆ
Հրապարակախոս