Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 12-ի դատավճռի դեմ բողոք է բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, այդ դատավճռով 10 տարվա ազատազրկման դատապարտված Արտավազդ Մուրադյանի պաշտպան Վահագն Մանուկյանը:
Ըստ բողոքաբերի՝ դատաքննությունը իրականացվել է թերի, ներպետական օրենսդրությամբ սահմանված արդարադատության միջազգային նորմերի եւ հիմնարար օրենքների խախտումներով: Ա. Մուրադյանը մեղադրվել է քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Դատաքննությունը ընթացել է դռնփակ:
Ա. Մուրադյանը մեղադրվել է նրա համար, որ 2009թ. հունիսից իր հարկի տակ բնակվող փաստացի կնոջ՝ Տ. Ա.-ին սեռական շահագործման ենթարկելու նպատակով, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով (ձեռքերով, ոտքերով մարմնին հարվածներ հասցնելով) եւ 2010թ. ծնված անչափահաս դստեր՝ Ա. Ա.-ի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, երեխային վնասելու, կյանքից զրկելու խոստումներով, կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով Տ. Ա.-ին ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Ըստ գործի նյութերի, Տ. Ա.-ին ամբաստանյալը մանկահասակ դստեր հետ միասին տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիեւյան փողոց, հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը մնալով տաքսու մեջ՝ վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել եւ տնօրինել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպան Վահագն Մանուկյանի՝ «իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքերն ընդհանրապես չեն բխում դեպքի բոլոր փաստացի հանգամանքներից, սեպի պես մխրճված հակասում են Տ. Ա.-ի անտրամաբանական, չփարատված կասկածներով լի ցուցմունքներից»: Պաշտպանը Aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ Ա. Մուրադյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, իր փաստացի կնոջը երբեք չի ծեծել, չի ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:
Ա. Մուրադյանը հայտնել էր, որ Տ. Ա.-ի հետ ծանոթացել է «Երեւան» հեռուստաընկերության միջոցով, հաղորդագրություններ է գրել, սկսել են հանդիպել եւ երբ ամբաստանյալը ամուսնության առաջարկություն է արել, Տ. Ա.-ն մերժել է, հայտնելով, որ ինքը պետք է սովորի եւ հայրը չի թողնի:
Ի դեպ, հոր հետ հանդիպման ժամանակ հայրը հայտնել է, թե աղջիկը գլխի հետ կապված խնդիրներ ունի եւ առաջարկել է աղջկանից հեռու մնալ: Այդ խոսակցությունը ձայնագրվել է հեռախոսով, ապա ներկայացվել է դատարան՝ քննության առարկա դարձնելու միջնորդությամբ: Սակայն այն մերժվել է:
Ըստ պաշտպանի, տուժողը նախաքննության եւ դատաքննության ընթացքում հայտնել էր, թե 10 օրը մեկ տարբեր անձանց հետ սեռական հարաբերություններ է ունեցել Պռոշյան եւ Բաղրամյան փողոցների վրա գտնվող հյուրանոցներում. «Քննությամբ չի պարզվել, թե այդ հյուրանոցները որտեղ են գտնվում, չեն հարցաքննվել հյուրանոցների աշխատակիցները, չի պարզվել, թե արդյոք նշված ժամանակահատվածում նշված անձինք Տ. Ա.-ին տեսել են, թե ոչ, եթե տեսել են, ապա ում հետ, ինչ հանգամանքներում, արդյոք նրանց մուտքը գրանցվել է հյուրանոցներում, թե ոչ: Տ. Ա.-ն ճանաչման չի ներկայացվել հյուրանոցների աշխատակիցներին՝ ոչ լուսանկարով, ոչ էլ անձամբ, չի պարզվել՝ արդյոք նրանց մուտքը հյուրանոց տեսանկարահանվել է, թե ոչ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Հայերեն է, հայաբարո;