Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի թեման շարունակում է մնալ ամենաօրախնդիրներից մեկը, թեպետ տեղական իշխանությունը՝ ի դեմս Երեւանի քաղաքապետի եւ նրա «իմիջմեյքերների» փորձում է անտեսելու տալ այն. Տարոն Մարգարյանը հեռուստաօպերատորների եւ լուսանկարիչների ուղեկցությամբ շրջագայում է համայնքներով, իսկ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածում է հաղորդագրություններ, որոնք սովետական պրոպագանդային հատուկ բառապաշարով փորձում են մեզ համար ստեղծել հոգատար տեղական իշխանության կերպար (քարոզչական ենթատեքստը պարզ է. «դուք էդտեղ նստացույց արեք, իսկ քաղաքապետն, ահա՝ տեսեք, քափուքրտինք մտած աշխատում է»):
Իսկ այն, որ 150 դրամ ուղեվարձի որոշման ժամանակավոր կասեցումից հետո այդպես էլ մարդավարի բացատրություն չտրվեց, թե ինչու էր որոշման տեքստը մի քանի օր գաղտնի պահվում եւ ընդհանրապես ինչպես կարող էր տրանսպորտի գինը թանկանալ առանց այդ մասին որոշումը հրապարակելու, այդպես էլ չմեկնաբանվեց. դե, դա հո քաղաքապետարանի լրատվականի խնդիրը չէ՞, իրենք հաջողություններն ու նվաճումներն արձանագրողներն են միայն…
Քաղաքապետարանի ներկայացուցիչների խնդիրը չէ, երեւի, նաեւ հանդիպել արդեն 10 օրից ավելի նստացույց անող ակտիվիստներին՝ լսել նրանց պահանջները: Փոխարենը նստացույցը խոչընդոտելու համար կարելի է ջրի գերածախս տալ՝ ջրելով ոչ միայն կանաչ սիզամարգերը, այլեւ մայթերը եւ իհարկե, հայրենի ոստիկանության ակտիվ միջամտությամբ ու բռնի գործողություններով թույլ չտալ արեւից պաշտպանվելու եւ գիշերելու համար գոնե մի վրան տեղադրել:
Ոստիկանության հետ այս վրանային պատերազմը նոր չէ. այն «մղվել է» ե՛ւ Մաշտոցի պուրակում, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի օրերին, եւ ահա՝ հիմա էլ քաղաքապետարանի դիմաց նստացույցի ժամանակ: Ու վրան տեղադրելու արդարացի պահանջն ամեն անգամ բախվում է Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանի «պրինցիպիալիզմին»: Օսիպյանը «պրինցիպիալ» կերպով, առանց լուրջ հիմնավորման արգելում է վրան տեղադրել՝ հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 172.2 հոդվածին: Սակայն այս անգամ վրան տեղադրել փորձողը՝ փաստաբան, կայքի խմբագիր եւ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, թե ոստիկանությունը ստում է, այդ հոդվածը նման արգելք չունի: Եվ որպեսզի հասկանանք, թե որն է ճիշտ՝ Օսիպյանի «պրինցիպիալիզմը», թե Արգիշտի Կիվիրյանի հայտարարությունը, կարդանք հոդվածը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք.
«Հոդված 172.2. Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը
Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով (մեջբերել ենք ըստ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի arils.am կայքում հրապարակված տեքստի:
Կարդացեք նաև
Կարդանք երկրորդ անգամ, եւ փորձենք պարզել, որտե՞ղ է այս տեքստում Օսիպյանը տեսնում վրան տեղադրելու սահմանափակումը: Այսինքն՝ որտե՞ղ են գրված հոդվածում նշված կանոնները կամ ո՞ր օրենքով է կարգավորված, որ չի կարելի իբրեւ հասարակական բողոքի բաղկացուցիչ մաս վրան տեղադրել սիզամարգում: Օսիպյանը սա չի ասում եւ համապատասխան կարգին կամ օրենքին հղում չի անում: Եթե չի նշում՝ մենք կարող ենք եզրակացնել, որ չկա նման կարգ կամ օրենք: Եթե չկա օրենք, կարելի է նաեւ հարց տալ, իսկ սիզամարգի վրա տեղադրված վրանը ո՞ւմ է խանգարում: Բացարձակապես ոչ մեկին եւ, մանավանդ այդ հատվածում տեղադրվելիք վրանը, հաստատ, չի ոտնահարում այլ քաղաքացիների իրավունքները: Հետեւաբար, խոչընդոտելով վրանի տեղադրմանը, ոստիկանները գործում են ոչ թե հանուն ՀՀ այն քաղաքացիների շահերի, որոնց ենթադրաբար կարող էր խանգարել ուրիշ քաղաքացիների (վրան տեղադրողների) գործողությունը, այլ միայն ու միայն իրենց «պրինցիպից» ելնելով: Ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածում մատնանշվող կարգը կամ օրենքը միայն Օսիպյանի «պրինցիպիալիզմն» է (տեսանյութում պարզ երեւում է, որ վրանն այս ոստիկանին կատաղեցնում է այնպես, ինչպես տորեադորի կարմիր կտորը մարտացուլին. նա անմիջապես հարձակվում է տորեադորի…ներեցեք՝ վրան բռնողի վրա) եւ ստացվում է, որ Կիվիրյանը ճիշտ է, երբ ոստիկանությանը մեղադրում է ստախոսության մեջ:
Արգիշտի Կիվիրյանը մտադիր է բողոքարկել վրան տեղադրելու փորձի համար իրեն վարչական տուգանք նշանակելու որոշումը: Ես վստահ չեմ, որ նա կշահի դատը, որովհետեւ բոլորս գիտենք, թե ինչ «անկախ» դատարանի հետ է գործ ունենալու, բայց որ հարկ է ի վերջո զսպել օսիպյանների անընդունելի «պրինցիպիալիզմը», փաստ է: Ու քանի դեռ նման ոստիկանները, առանց կոնկրետ օրենքին հղում կատարելու, միայն իրենց ցանկությամբ խոչընդոտում են հանրության բողոքի գործողություները, ոստիկանության բարեփոխումների մասին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները դառնում են ընդամենը սին խոսքեր, օճառային պղպջակներ, որ պայթում են՝ հենց որ բախվում են հասարակության հետ հարաբերություններին: Ու քանի դեռ Վլադիմիր Գասպարյանը իր համակարգում հանդուրժում է իր լիազորություններն ակնհայտորեն գերազանցող Օսիպյանին ու օսիպյաններին, հասարակությունը շարունակելու է անհարգալից վերաբերվել ոստիկանությանը, որքան էլ նույն այդ ոստիկանության քարոզիչները ճոռոմ ու ծեքծեքուն բառերով եւ հաղորդագրություններով փորձեն ոստիկանի այլ կերպար «կերտել»…
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ