Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի հակասական հայտարարությունները

Օգոստոս 04,2013 14:52

Օգոստոսի 3-ին Երեւանի քաղաքապետարանն ավետեց, որ մինչ օրս «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր, մաքրվել եւ պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու, «Կարմիր բլուր»  հնավայրի,  «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ «Փարոս» անտառպուրակի հարակից տարածքները: Հրաշալի  է:

Իսկ մեկ օր անց` օգոստոսի 4-ին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հարցին, թե՝ «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները, ինչո՞ւ Տարոն Մարգարյանը ընդառաջ չի գնում, պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ դա հասարակության պահանջ է, դա մի որոշակի խմբի պահանջ է ու մոտեցում է, ընդ որում, սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, առաջարկվել է այդ մարդկանց հետ զրուցել, ովքեր պարբերաբար մերժում են այս կամ այն քննարկումը, հանդիպումը, մասնակցությունը եւ շատ հաճախ խոսում են ուլտիմատումով: Իսկ պահանջների հետ կապված դեռ պետք է հասկանալ, թե դրանք որքանով են արդարացված, որքանով է այդտեղ տրամաբանություն, մոտեցումը չպետք է դառնա կամայական»: Սա արդեն հրաշալի չէ, վատ է:

Նախ քաղաքապետարանը չի հրապարակում Արամ Սուքիասյանի կենսագրությունն ու պարզ չէ, թե նա քանի՞ տարեկան է, ի՞նչ ոլորտի կամ ոլորտների համար եւ որտե՞ղ է պատասխանատու եղել, իրեն վստահված որ գործը ի՞նչ մակարդակով է իրականացրել, աշխատանքի՞ն է հավատարիմ, թե՞ վերադասին եւ այլն:

Կամ, քաղաքապետարանն արդարացիորեն ուրախանում է, որ համաքաղաքային «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին մասնակցել է 2500 կամավոր, որ մարդիկ մաքուր միջավայրում ապրելու մղումով իրենց ժամանակն ու ջանք են դնում: Այսպես հեռու չէ այն օրը երբ Երեւանը իսկական համայնք կդառնա, որ բոլոր մաքրելու փոխարեն կնախընտրեն չկեղտոտել: Բայց այսօր շատ երեւանցիներ չեն մասնակցում «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին եւ պաշտոնապես մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երեւանում այս 2500 կամավորը միայն որոշակի` մաքրություն կամեցող եւ դրան նպաստող խումբ է:

Այդ ոնց եղավ, որ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի մասնակցելը գովելի է եւ ողջունելի, իսկ ասենք «Ավելի էժան Երեւան» կամ «Ավելի մատչելի Երեւան» պահանջելը այնքան էլ գովելի չէ: Եթե «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի կամավորները քաղաքը մաքրում են աղբից ապա «Ավելի մատչելի Երեւան» ծրագրի կողմակիցները ուզում են տնտեսական ստվերն ու կոռուպցիան վերացած տեսնել: Նույն բանն են ուզում, փաստորեն` «Ավելի մաքուր, մատչելի, հոգատար, անստվեր, չարտագաղթող Երեւան»: Երեւանի ուղեւորափոխադրող ընկերությունների սեփականատերերն էլ հասարակություն չեն` որոշակի խումբ են: Սրանք քաղաքապետարանից ստանում են այն ինչ ստացավ Ռոմեոն` Ջուլիետայից. աղջիկը նրան սիրեց: Այն ինչ չկա «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության եւ քաղաքապետարանի պարագայում: Ափսոս: Մինչդեռ մարդիկ մաքրություն են ուզում: Ոչ միայն աղբից` այլ` նաեւ աղբից:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031