Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական նոտաններն ինձ ավելի հոգեհարազատ են». Գոհար Հակոբյան

Օգոստոս 04,2013 14:22

«Հայաստանի մասին երգելիս կարոտ եմ զգում, ավելի շատ եմ հուզվում: Հայկական նոտաններն ինձ ավելի հոգեհարազատ են… հոգիս ոնց որ թե մասերի բաժանվի ու փշրվի »,-ասում է 19-ամյա Գոհար Հակոբյանը: Նա Ռուսաստանի Տվեր քաղաքից է, որտեղ ապրում է շուրջ 15 տարի: Հայաստանում վերջին անգամ եղել է տարիներ առաջ: Վերջերս է մայրիկի հետ վերադարձել հայրենի հող ՝ ընկերներին, բարեկամներին և հայրենի բնությունը տեսնելու: Հարցին, թե Հայաստանում ամենից շատ որ վայր է նախընտրում, պատասխանում է. «Սիրում եմ հրապարակը, նաև Օշականը, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը: Հայաստանի բնությունը շատ-շատ գեղեցիկ»: Երաժշտության հանդեպ սերը ծագել է վաղ տարիքից: Մանուկ հասակում՝ այն ժամանակ, երբ դեռ 4-րդ դասարանի սան էր, հաճախել է տեղի երաժշտական դպրոց: Սովորել է դաշնամուր նվագել և անցել է վոկալի դասեր: Իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղի երաժշտական թեքումով քոլեջ: Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին Գոհարը մասնակցել է մրցույթների, արժանացել երկրորդ և պատվավոր առաջին անվանակարգերին: Հիշում է ՝ առաջին ձեռբերումի ժամանակ շատ էր հուզվել. «Ուրախությունից լաց էի լինում, այնքան հուզված էի: Տուն վերադառնալուն պես՝ ընտանիքով նշեցինք այդ օրը »,-ասում է նա: Նախընտրում է կլասիկ երգեր, փոփ երաժշտություն: Պատմում է ՝ երբ դեռ երեխա էր, երկրպագում էր հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օռեյրային. լսում էր նրա կատարմամբ երգեր, դիտում նրա մասնակցությամբ սերիալներ և հավաքում նկարներ . «Այն ժամանակ երազում էի նմանվել նրան: Մինչ հիմա էլ շատ-շատ եմ սիրում Նատալիայի երգերը` հատկապես «Me muero de amor »-ը, սակայն այժմ չեմ ուզում որևէ մեկին նմանվել, ցանկանում եմ իմ իսկ ներդրումն ունենալ երգարվեստում »: Գոհարը նաև խոստովանում է ՝ հիմնականում երգում է տխուր ժամանակ. «Երբ տխուր եմ լինում, երգում եմ, այդպես տրամադրությունս բարձրանում է»: Երգեր չի գրում, թեպետ մի անգամ փորձել և ինչպես ինքն է ասում ՝ ստացվել է. «Դա 5 տարի առաջ էր, մամայիս մասին էի գրել: Նա շատ-շատ էր հավանել ու ասել, որ եթե այդպես շարունակվի, լավ կլինի, արտիստ կդառնամ»: Սովորաբար ընկերական հավաքույթների ժամանակ Գոհարի կատարմամբ որևէ երգ լսելը պարտադիր կանոն է. «Երբ ընկերներով ինչ-որ վայրում հավաքվում ենք, արդեն գիտեմ, որ խնդրելու են՝ երգեմ, այդ իսկ պատճառով նրանցից առաջ եմ ընկնում  (ժպտում է,-հեղ)»: Նշենք, որ Գոհարը մեկ տարի է, ինչ Ռւսաստանում հաճախում է նաև հայկական ժողովրդական պարերի: Հարցին, թե ինչու է ընտրել հենց հայ ժողովրդական պարերը և ոչ թե, օրինակ՝ ժամանակակից պարերը, Գոհարը պատասխանում է . «Շատ եմ հավանում հայկական պարերը: Բացի այդ կարծում եմ՝ հայը որտեղ էլ լիի, չպիտի մոռանա իր ավանդականը»: Հայկական պարերից շատ է սիրում «Սասունը», «Էրզրունը», «Կիլիկիան»:

Եթե երաժշտությամբ չզբաղվեր, կընտրեր հոգեբանի մասնագիտությունը . «Երաժշտական դպրոցում անցել ենք հոգեբանություն: Դա անհրաժեշտ է հետագայում երեխաների հետ աշխատելու համար: Այստեղից էլ՝ հոգեբանության հանդեպ սերս»: Խոսելով հայրենիքի մասին՝ նա ասում է, որ չի ուզում հեռանալ. «Ուզում եմ մնալ Հայաստանում, չեմ ուզում գնալ, այստեղ հնարավորություն կա մնալու, բայց ուզում եմ Ռուսաստանում ավարտել ուսումս և մշտապես վերադառնալ այստեղ: Պետք է բոլոր հայերը վերադառնան Հայաստան `իրենց հայրենի հող»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031