Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏՏ ոլորտում ամենադժվար շրջանը միայն սկզբում է, կարեւորը չկոտրվելն է». ՏՏ ոլորտի մասնագետները՝ իրենց մասնագիտության մասին

Օգոստոս 03,2013 20:13

Այն, որ ժամանակակից աշխարհում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հնարավոր չէ հասնել էական ձեռքբերումների, նորություն չէ որևէ մեկի համար: Ի՞նչ է պետք այս ոլորտում հաջողությունների հասնելու համար և որքանո՞վ  է ՏՏ ոլորտը   զարգանում Հայաստանում.  փորձեցինք պարզել՝ զրուցելով ՏՏ մասնագետների հետ:

Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը, ով  «Անահիտ» առաջին ինտերակտիվ հեքիաթի հեղինակն է, աշխատելով ՏՏ ոլորտում, շփվելով բազմաթիվ մասնագետների հետ՝ եկել է այն համոզմանը, որ Հայաստանում շատ են իրենց գործին նվիրված ՏՏ մասնագետները: Վահրամ Գևորգյանը նշում է, որ ուրախալի է այն փաստը, որ ՏՏ ոլորտը գնալով ավելի ակտուալ է դառնում Հայաստանում: Ըստ ծրագրավորողի՝ այս ոլորտում աշխատելու հիմնական բարդությունը սկզբից է լինում, երբ նորավարտ ուսանողները սկսում են աշխատանք փնտրել, նրա խոսքով՝ այս ոլորտում ինչպես նաև մնացած ոլորտներում, կարևորը պրակտիկ աշխատանքներն են:

«Ճիշտ է, սկզբում միշտ էլ բարդ է լինում աշխատանքի անցնելու հարցում, բայց պետք է նշեմ, որ այժմ նկատելի են շատ ընկերությունների պրակտիկ աշխատանքների անցնելու ծրագրերը, որոնք շատ լավ հնարավորություններ են տալիս նորավարտ ուսանողներին փորձ ձեռք բերել»,- ասում է նա:

Վահրամը պատմում է, որ ինքը հենց այդպես է աշխատանքի անցել: Ճիշտ է, փոքր տարիքից հետաքրքրված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաներով , սակայն հիշում է, որ երրորդ կուրսի վերջում, երբ ցանկանում էր աշխատանքի անցնել «Macadamia» կանադական ընկերությունում, իրենից աշխատանքային փորձ էին պահանջում, իսկ նա քանի որ նոր էր վերադարձել բանակից, աշխատանքային փորձ չուներ:
«Մեզ ասացին՝ այն ուսանողը, ով պրակտիկայի վերջում իրեն լավ կդրսևորի, հնարավոր է՝ այստեղ սկսի իր աշխատանքը շարունակել,- ասում է ծրագրավորողը,- այդ պահից սկսած ես, կարելի է ասել, ամբողջ ամառ սկսեցի օր ու գիշեր աշխատել՝ գիտակցելով, որ դա հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք՝ իմ սիրած ոլորտում աշխատելու համար: Եվ իհարկե պրակտիկայի ավարտվելու վերջին օրը ես աշխատելու առաջարկ ստացա իրենցից: Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամենադժվարը շրջանը միայն սկզբում է, կարևորը չկոտրվելն է»:

Հովհաննես Աղաջանյանին, ով CityBugs.am ի և X-TECH ընկերության նախագծի ղեկավարն է, մեզ հետ զրույցում նշեց, որ ՏՏ ոլորտում աճ միշտ էլ գրանցվում է:

«Հայաստանի Հանրապետությունը քանի որ փոքր երկիր է, որը չունի ինչ-որ լուրջ տնտեսական լծակներ, այստեղ միակ լուրջ ռեսուրսը մարդիկ են,- ասում է նա,-իսկ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար գլխավոր նախապայմանը լավ ուղեղներն ու խելացի կադրերն են, ինչը մեզ մոտ բավականին շատ է, և այն միանշանակ նպաստում է այս ոլորտի զարգացմանը»:
Տարածված կարծիք կա, որ Հայաստանում խելացի մարդիկ իրենց տեղը չեն կարողանում գտնել Հայաստանում և աշխատանք են փորձում գտնել ավելի շատ արտասահմանում: Այն հարցին, թե ինչ է արվում լավ ուղեղներին այստեղ պահելու համար,  Հովհաննես Աղաջանյանը պատասխանում է. «Կարծում եմ՝ ուղեղների արտահոսքը շատ նորմալ է: Մարդիկ գնում են, որոշները ետ են վերադառնում, նորերն են գնում, կադրերը թարմացվում են: Ինձ թվում է, որ լավ մասնագետները՝ պետք է իրենք ստեղծեն իրենց համար այստեղ մնալու և աշխատելու հնարավորությունները: Կստեմ, եթե ասեմ, որ այսօր ՏՏ մասնագետները լավ չեն վարձատրվում, ո՛չ, ես ինքս ճանաչում եմ այնպիսի երիտասարդների, ովքեր, չունենալով բարձր առաջադիմություն՝ թե՛ դպրոցներում և թե՛ համալսարաններում, սակայն ունենալով 2 տարվա աշխատանքնային, փորձ վաստակում են ամենաքիչը 500.000 դրամ»:

Ըստ Հովհաննեսի  ՏՏ ոլորտը այսօր Հայաստանում ամենապահանջված և բարձր վարձատրվող ոլորտներց է:
«Այն սահմաններ չունի, կարող է օգտագործվել ցանկացած ոլորտներում թե՛ հիվանդանոցներում, թե՛ բանկում և թե ամենատարբեր կազմակերպություններում՝անգամ աղբահանություն կատարող ընկերությունը կարող է օգտագործել ՏՏ մասնագետներ իրենց աշխատանքներոը ավոտամատացնելու համար,- ասում է CityBugs.am ի և X-TECH ընկերության նախագծի ղեկավարը»:

«ՏՏ ոլորտով  հետաքրքրված երիտասարդները քիչ չեն,-ասում է ծրագրավորող  Արթուր Ավանեսովը,- օրինակ՝ կարող եմ բերել հենց այն հաստատությունը, որտեղ աշխատում եմ՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը: Ամեն տարի մեզ մոտ ընդունվում է 400-500 ուսանող, որոնց համարյա թե մեծ մասը անցնում է աշխատանքի հենց ՏՏ ոլորտում: Մնացածը կամ աշխատում են տվյալ բնագավառում, կամ էլ ստիպված, ասենք՝ կոսմետիկայի կամ այլ շուկայում աշխատել»:
Ծրագրավորողի  համոզմամբ՝ հիմնական պատճառը կամ աշխատավարձն է, կամ էլ տվյալ ընկերությունները այդ  մասնագետի կարիքը չունեն:

« Հիմնականում, եթե տեսնում են, որ լավ մասնագետ է, և գիտակցում, որ նրան պետք է լավ վճարեն,  մերժում են,- ասում է Արթուր Ավանեսովը և հավելում, որ այսօր շատացել են կայք պատրաստողները, նրանցից մեկը 12.900 դրամով է կայք պատրաստում, մյուսը երկու միլիոն դրամով: «Նույնն էլ այդ դեպքում է՝ նրանք նույնպես փնտրում են էժան տարբերակներ, և  հիմանականում ընդունում են ուսանող երեխաներ, երեք ամիս աշխատեցնում անվճար՝ պատճառաբանելով,  թե հնարավորություն են տալիս պրակտիկա անցնելու, իսկ դրանից հետո, երբ գալիս է աշխատանքի անցնելու շրջանը, ասում են՝ դուք չեք համապատասխանում կամ գնացեք, կզանգենք, իսկ երեխաներն էլ միանշանակ հիասթափվում են և այլ ոլորտում աշխատանք փնտրում»,- ասում է  Արթուր Ավանեսովը:

 

 

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031