Այս շաբաթ երկու ցավալի դեպք պատահեց. հայ ժողովուրդն ունեցավ երկու տաղանդաշատ ու սիրված մարդկանց կորուստ: Հուլիսի 31-ին կյանքից հեռացավ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, իսկ օգոստոսի 2-ին՝ կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:
«Առավոտ երիտասարդականը» ցավակցում է Մարկ Սաղաթելյանի և Ազատ Գասպարյանի հարազատներին:
Ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այսօր ևս ներկայացնում ենք շոուբիզնեսյան ուշագրավ նորությունները:
Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը Հայաստանը կներկայացնի OGAE երգի մրցույթում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով ogae.am կայքը, առաջին անգամ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ»-ի երկրպագուների «համայնքի» միջազգային մրցույթին: Մրցույթի նպատակն է «Եվրատեսիլ»-ին մասնակից երկրների ազգային արտիստների առաջմղումը: OGAE-ի հայաստանյան խումբը որոշել էր հուլիսի 1-ից հուլիսի 30-ը անցկացնել երգերի ազգային ընտրություն իր պաշտոնական էջում: Մրցույթների է պատրաստվում մասնակցել և ձայնասկավառակ թողարկել երգիչ Էրիկը, Արմենպրեսին տված հարցազրույցում, նա ասել է. «Շուտով նոր ձայնասկավառակ կթողարկեմ, պարզապես լույսընծայումը հետաձգվում է՝ կապված տարբեր մրցույթներում իմ մասնակցության հետ: Ամեն դեպքում ձայնասկավառակն այնքան էլ կարևոր չէ, քանի որ մինչև դրա լույս ընծայումը մարդիկ ունեն արդեն երգերս և լսում են: Աշնան սկզբին հավանաբար նոր տեսահոլովակ կունենամ, կշրջագայեմ համերգներով Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում»: Շաբաթվա ընթացքում որոշ հայտնիների կյանքում եղան նաև անձնական կյանքի փոփոխություններ: Օգոստոսի 1-ին ամուսնացավ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ Ջիվան Գասպարյանը: Երիտասարդ դուդուկահարը esyes.am-ին ասել է, որ իրենք մեծ հարսանիք չեն ծրագրել. հարսանեկան խնջույք էլ չի լինելու: «Հարսանեկան խնջույք որոշել ենք չանել, մեզ համար կարևորը Աստծո օրհնությունը ստանալն է, եկեղեցում էլ կլինեն միայն մեր մտերիմ հարազատները»,- նշել է Ջիվանը: Ըստ նորափեսայի` ինքը հարսի կերպարի հետ կապված հարցերին չի միջամտել, ամեն ինչ Նվարդը ինքնուրույն է որոշել: Ալլա Լևոնյանը օրեր առաջ մայրացել է երրորդ անգամ: Երգչուհին աղջիկ է ունեցել, ով կշռում է 3կգ և ունի 51սմ հասակ: esyes.am-ին տված հարցազրույցում երգչուհին նշել է, որ իրեն շատ լավ է զգում, ինքն ու ամուսինը երջանիկ են, իսկ փոքրիկը նման է իր քույրիկին ու ապերիկին, ովքեր տանը սպասում են նրան:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան