Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի գնի բարձրացման հարցը լուծվում է Բաղրամյան 26-ում»

Օգոստոս 03,2013 14:38

Համոզված է  Գագիկ Համբարյանը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տրանսպորտի գնի թանկացման  կամ էժանացման հարցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դերակատարությունը բացարձակապես չի տեսնում: Ըստ նրա՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ տրանսպորտային,  ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր լուծվում են Բաղրամյան 26-ում: Իսկ տվյալ   պարագայում այդ նույն Բաղրամյան 26-ում չէին կարող զիջողությունների չգնալ, որովհետեւ սա վտանգ պարունակող հարց է, սոցիալական բունտի թեմա:

«Ո՞վ է օգտվում հիմա ավտոբուսներից կամ միկրոավտոբուսներից՝ քիչ թե շատ գոյություն ունեցող միջին խավը եւ չունեւորները: Ունեւոր խավը կամ միջին խավի մի զանգված օգտվում է իր սեփական մեքենաներից: Այնպես որ՝ էստեղ Տարոն Մարգարյանի մեղքը շատ քիչ է,  հարցերը լուծվում են վերեւներում, իսկ  Տարոն Մարգարյանը այս պարագայում պետք է կատարեր վերեւներից ընդունած որոշումները», – ասում է քաղաքագետը: Ըստ նրա՝  աբսուրդ է այն, որ գազի գինը բարձրանում է 30%-ով, իսկ տրանսպորտի գինը բարձրանում է միանգամից 50%-ով. «Եթե էստեղ բերում են պատճառ, որ մեքենաների մասերն են թանկանում, թող գինը ընթացքում թանկացնեին, երբ որ մասը թանկանում էր: Զավեշտը հենց այն է,  որ գազը թանկանում է 30 տոկոսով, տրանսպորտի գինը` 50 տոկոսով: Էլի եմ կրկնում՝ եթե մասերը թանկանում էին,  1,5-2  տարի առաջ թող կամաց-կամաց տրանսպորտի գինն էլ բարձրացնեին` 100-ից  դարձնելով  110-120 դրամ, թող հիմարի տեղ չդնեն ժողովրդին: Ի՞նչ կապ ունի մասը գազի գնի թանկացման հետ: Դա՝ մեկ, երկրորդը` իսկ մեր գծատերերը համապատասխան որակի տրանսպորտային միջոցներ  ու ծառայություններ տրամադրո՞ւմ են քաղաքացիներին, որ պահանջում են էդ գումարը: Այսինքն՝ ունենք հետեւյալը.  100 դրամով էլ միկրոավտոբուսի մեջ 25 հոգի  էին նստում, 150-ով  էլ կնստեն»,- ասում է մեր զրուցակիցը:

Վերջինիս բնութագրմամբ՝  Եվրոպա ձգտող մայրաքաղաքի տրանսպորտը խայտառակ վիճակում է: «Զարմանում եմ Երեւանի միկրոավտոբուսների որակից ու մակարդակից, ասում են՝ եվրոպացի, եվրոպացի, էդ ի՞նչ վիճակ է Երեւանում, վերջիվերջո կարելի է, չէ՞, զարգանալ մի քիչ` տեսնելով Թբիլիսին կամ բարի նախանձով նայել Բաքվին: Ես չեմ ասում՝ համեմատվենք Լոնդոնի կամ Փարիզի հետ, հո ամեն ինչը գերշահույթ  ստանալով կամ գրպանները լցնելով չի՞: Վերջիվերջո  թող համապատասխան մակարդակի ծառայություն մատուցեն, հետո նոր մտածեն գները բարձրացնելու մասին: Թե չէ՝ մենք տեսնում ենք 10 տարուց ավելի 100 դրամ եւ նույն հետամնաց գազելները, ընդհուպ մինչեւ պատմական հուշարձան դարձած «Ռաֆ»-երը  փողոցներում. դա աբսուրդ է»,- ասում է Գագիկ Համբարյանը: Մեր զրուցակցի փաստմամբ՝  իր աչքով է տեսել, թե ինչպես են զբոսաշրջիկները նկարում  այդ «Ռաֆ»-երը, որովհետեւ ոչ մի նորմալ երկրում այդպիսի բան չկա: «Թբիլիսին 6-7 տարի առաջ հրաժարվեց «Ռաֆ»-երից եւ «Գազելներից» ընդհանրապես: Եթե կարող է քաղաքապետարանը օգուտ ստանալ, թող այդ գծատերը լինի քաղաքապետարանը, թող 49%-ը լինեն  սեփականատերերինը,  իսկ 51 տոկոսը լինի քաղաքապետարանինը, թե չէ՝ այս ի՞նչ վիճակ է, ով ինչ գիծ ուզում՝ բացում է: Ամբողջ աշխարհը անցնում   է տրամվայների  ու տրոլեյբսուների, մետրոների,  իսկ մեզ մոտ ամեն ինչ անում են, որ այդ 3 ձեւի  տրանսպորտային տեսակները ոչնչանան,  առանց այն էլ մեկը ընդհանրապես փակեցին, իսկ մյուս երկուսը կատաստրոֆիկ վիճակում են գտնվում: Ինչո՞ւ»,- հարցնում է քաղաքագետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031