Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկային հո հանգստյան գոտուց չե՞նք բերելու»

Օգոստոս 03,2013 14:55

 «Մալխաս ջազի» տնօրենը դատարան չէր ներկայացել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը:

Դատարանի թիվ 5 դահլիճի համակարգիչը մեկ շաբաթ է, ինչ խափանվել է, հետեւաբար, այս դահլիճի նիստերն արվում են այն դահլիճում, որն ազատ է, դատական նիստերի ձայնագրառման հնարավորություններ կան:

Այդպիսի երեքհոգանոց դահլիճ կա. դատավոր Էդիկ Ավետիսյանի դահլիճը, ուր քննիչը, դատավորը, բողոքաբերը կարող են միայն տեղավորվել:

Նախորդ դատական նիստին որոշվել էր, որ դատարան պիտի ներկայանա «Մալխաս ջազի» տնօրեն Կարեն Մկրտչյանը:

Իսկ դա որոշվեց այն ժամանակ, երբ դատարան ներկայացած նոտարը՝ Ռոզա Սահակյանը, հայտնեց, թե Կարեն Մկրտչյանն է գնացել «Կենտրոն» նոտարական գրասենյակ, այնտեղից վերցրել Սարգիս Բժիկյանի 2010թ.օգոստոսի 4-ի հայտարարությունը:  «Մալխաս ջազ»  ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Մկրտչյանն էլ Հատուկ քննչական ծառայությանը, ուր նախաքննություն էր իրականացվում Ս. Բժիկյանի բնակարանի առքուվաճառքի գործով, ներկայացրել էր հայտարության կրկնօրինակ, այն մասին, որ ՍՊ ընկերության համասեփականատերեր Վահագն Նիկողոսյանն ու Արսեն Սարգսյանը վճարել են Ս.Բժիկյանին՝ նրա Թումանյան 38 շենքի 15 բնակարանը ձեռք բերելու գումարը, կողմերը պարտքուպահանջ չունեն, եւ որ Բժիկյանի հայտարարության կրկնօրինակն է իր մոտ:

Կարեն Մկրտչյանը, ըստ Բժիկյանի պաշտպան Վարդան Սաֆարյանի, չէր կարող ստանալ այդ հայտարարությունը, քանի որ չի ունեցել բնօրինակը:

Մինչդեռ նոտարն ասաց, որ կրկնօրինակը իրենք հաստատում են, երբ առկա է բնօրինակը: Նոտարը նաեւ հիշեց, որ բողոքաբեր Սարգիս Բժիկյանը եղել է 2010 թ. օգոստոսին նոտարական գրասենյակում եւ ստորագրել է վիճարկվող հայտարարության տեքստը:

Կարեն Մկրտչյանի փոխարեն դատարան էր ներկայացել Տիգրան Թադեւոսյան անուն-ազգանունով մեկը, որը դատարանին «ի պահ» տվեց վիճարկվող հայտարարությունը: Նա հայտնեց, որ Կարեն Մկրտչյանը քաղաքում չէ, իսկ Վարդան Սաֆարյանն էլ պնդում էր, որ նա պիտի պատասխան տա մի շարք հարցերի: Դատավոր Արշակ Վարդանյանն էլ ասաց, թե իրենց խնդիրը վիճարկվող հայտարարությունը ստանալն էր. «հո անձին հանգստյան գոտուց չե՞նք բերելու»:

74-ամյա Ս.Բժիկյանի ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանը չէր զիջում, եւ ասաց. «Ո՞վ ա, ի՞նչ կապ ունի այս մարդն այս գործին: Մեր վեճը համասեփականատերերի հետ է, ոչ թե Կարեն Մկրտչյանի»:

Քննիչ Արսեն Բեգինյանը դեմ էր նիստը հետաձգելուն եւ Կարեն Մկրտչյանին դատակոչելուն:

Դատարանը ընդառաջ գնաց բողոքաբերին, եւ դատական նիստը նշանակեց օգոստոսի 15-ին, մեկ անգամ եւս ծանուցելով Կարեն Մկրտչյանին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031