Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սպորտի առաջատարի դերը ստանձնել է ըմբշամարտը

Օգոստոս 03,2013 14:40

Եթե վերջին 5-6 տարիներին  պաշտոնական առաջնություններում տարած հաղթանակներով ու նվաճած մեդալների քանակով Հայաստանում անվիճելի առաջատարը ծանրամարտն էր, հիմա այդ դերն ստանձնել է ըմբշամարտը:

2009-12թթ. հանրապետության ազատ եւ հունահռոմեական ըմբիշները բոլոր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ արժանացել էին 76 մեդալի: Իսկ միայն այս տարի, թեեւ մրցաշրջանը նոր է կիսվել, մեր ըմբիշներն արդեն նվաճել են 20 մեդալ, ներառյալ` օրերս Կազանում ավարտված 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալները: Այս վիճակագրության մեջ հաշվի չեն առնվել միջազգային հեղինակավոր մրցաշարերի մրցանակները: Իսկ մինչեւ տարեվերջ դեռ մեծահասակների աշխարհի առաջնությունն է, աշխարհի ու Եվրոպայի գավաթի առաջնությունները ու էլի միջազգային մրցաշարեր:

Ո՞րն է հաջողությունների գաղտնիքը: Մեր զրուցակիցը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանն է:

– Պարոն Սոֆոյան, 2013-ը հետօլիմպիական առաջին տարին է: Մինչեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղեր դեռ 3,5 տարի կա: Անցած 6-7 ամիսների մեր ըմբիշների արդյունքներից գո՞հ եք:

– Ես կասեի ոչ թե հետօլիմպիական, այլ՝ նոր օլիմպիական ցիկլի: Դրանք տարբեր բաներ են: Իսկ ամենաճիշտն այն է, որ մենք այդպիսի բաժանարարներ չենք դնում, մեզ համար հետօլիմպիական եւ նախաօլիմպիական հասկացություններ չկան: Կա շարունակական աշխատանք, որը նպատակաուղղված է արդյունքների մշտական բարելավմանը, այդ թվում՝ օլիմպիական խաղերում: Ինչ վերաբերում է մեր ըմբիշների՝ մինչեւ այս պահը ցույց տված արդյունքներին, բավարար եմ համարում, թեեւ կարող էր ավելի լավ լինել: Մասնավորապես, Կազանի համաշխարհային ուսանողական խաղերում կողմնակալ մրցավարները հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի ձեռքից հնարավոր ոսկե մեդալները, կարելի է ասել, խլեցին:

– Ըմբշամարտի երկու ոճերի մեծահասակների ազգային հավաքականներում ավելի հաճախ են նոր անուններ երեւում: Դա սերնդափոխության սկի՞զբ է:

– Սերնդափոխությունից խուսափել հնարավոր չէ, եթե առաջ ընթանալու նպատակ կա: Բայց որ ազգային հավաքականներում մարզիչները հատուկ դրանով են զբաղվում, այնքան էլ այդպես չէ: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով. ուժեղը ջանում է պահպանել տեղը ազգային հավաքականում, իսկ համապատասխան մակարդակի հասած երիտասարդն իրեն ցուցադրելու հնարավորություն է ստանում:

– Գուցե, սխալվում եմ, բայց նախկինում ձեր նշած բնականոն գործընթացը համեմատաբար դանդաղ էր ընթանում:

– Եկեք նախկինը թողնենք անցյալում եւ խոսենք այսօրվա մասին: Երբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ստանձնեց ռուսաստանաբնակ հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը,  ֆեդերացիայում արմատական բարեփոխումներ են կատարվել. ֆեդերացիայի աշխատակազմը համալրվել է կազմակերպական եւ մարզչական բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց առջեւ առաջնահերթ խնդիր է դրվել հերթափոխի պատրաստման շարունակականության ապահովումը: Այսինքն՝ ընդլայնել հեռանկարային ըմբիշների մարզական վարպետության բարձրացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների ցանկը եւ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորությունները: Մշակվել եւ ընդունվել է հատուկ կանոնակարգ` ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի երեք տարիքային խմբերում Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մրցանակակիր մարզիկներին, նրանց անձնական եւ հավաքական թիմերի մարզիչներին սննդի ապահովման դրամական փոխհատուցումների, ինչպես նաեւ միջազգային պաշտոնական առաջնություններում առանձնակի հաջողության հասած ըմբիշներին միանվագ դրամական խրախուսանքի արժանացնելու մասին: Մեր պատանի եւ երիտասարդ ըմբիշների ուսումնամարզական հավաքների տարեկան ժամաքանակը, միջազգային մրցումների մասնակցության հաճախականությունը գրեթե չեն զիջում ազգային հավաքականներին: Այսպես ֆեդերացիան աշխատում է արդեն հինգերորդ տարին:

Նոր աշխատաոճը շոշափելիորեն անդրադարձել է ըմբիշների մարզական վարպետության բարձրացման, մրցափորձի կուտակման վրա: Պատանեկան եւ երիտասարդական հավաքականների ձեռքբերումները միջազգային մրցագորգերում նախկինի հետ համեմատած ավելացել են: Բարելավվել են մարզիկների եւ մարզիչների սոցիալական պայմանները, դրա համար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ֆեդերացիան տարեկան առանձնացնում է 600-700 մլն դրամ: Համեմատության համար ասեմ, որ ըմբշամարտի երկու ոճերը միասին վերցրած պետբյուջեից որպես պետական աջակցություն ստանում են տարեկան 220 մլն դրամ: Մեզ՝ ֆեդերացիայի աշխատակիցներիս, մնում է «Տաշիր Գրուպ» կոնցեռնի նախագահ Սամվել Կարապետյանի եւ պետության հատկացրած գումարները տնօրինել նպատակային, ապահովել արդյունքներ, ինչն էլ արվում է: Մինչեւ ունիվերսիադան մեր ըմբիշները պաշտոնական առաջնություններում արդեն նվաճել էին 16 մեդալ, որոնց թիվն ուսանողական խաղերում ավելացավ եւս չորսով:

– Մինչ այս պահը նվաճված 20 մեդալները ձեզ գոհացնո՞ւմ են:

– Գոհացնում են: Բայց ֆեդերացիայի գերխնդիրը մեդալները չեն, թեկուզ աշխարհի կամ Եվրոպայի՝ ոսկե: Իհարկե, մենք մեդալներին կարեւորություն տալիս ենք, դրանք պետք են մեր մարզասերներին, բայց այս շրջափուլում մեր գերնպատակը 2016-ի օլիմպիական խաղերում հնարավորին չափ շատ մասնակից եւ մրցանակակիր ունենալն է: 2013-ին եւ հաջորդ տարի մեր մասնագետներն առավելապես աշխատելու են ապագա օլիմպիական հավաքականները ձեւավորելու ուղղությամբ, դրսեւորվելու հնարավորություն են ընձեռելու թե փորձառուներին, թե հեռանկարային երիտասարդներին: Եկող տարեվերջին կընտրվեն օլիմպիական հավաքականի բոլոր թեկնածուները, որոնք էլ կսկսեն նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:

– Աշնանը կայանալիք աշխարհի առաջնության մեդալները կարեւորվելո՞ւ են:

– Իհարկե: Աշխարհի առաջնությունն այլ արժեք ունի:

– Ֆեդերացիան ապագայի ի՞նչ ծրագրեր ունի: Միջազգային մրցումներ Հայաստանում կլինե՞ն:

– Աշխատանքները շարունակել համաձայն հաստատված աշխատանքային ծրագրի եւ ամեն տարվա վերջին ամփոփել արդյունքները, տալ համապատասխան գնահատական: Ինչ վերաբերում է միջազգային մրցումներին, հեռանկարում ըմբշամարտի երկու ոճերի օլիմպիական վարկանիշային մրցումներ բերելն է ՀՀ եւ այդ ուղղությամբ բանակցել միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ:

– Ստացվում է, որ ըմբշամարտի ֆեդերացիան խնդիրներ չի ունենում:

– Խնդիրներ միշտ էլ լինում են, եթե աշխատում ես: Մենք էլ երբեմն խնդիրներ ունենում ենք: Բայց Ս. Կարապետյանի ղեկավարությամբ դրանք արագ քննարկում ենք, վերլուծում եւ լուծում տալիս:

– Ստացվում է, որ շատ փողը լուծում է բոլոր խնդիրները:

– Ֆինանսական ապահովվածությունը շատ կարեւոր է, բայց վերջնական լուծում չէ, եթե ղեկավարը ոլորտին չի տիրապետում: Սամվել Կարապետյանը նախկինում ըմբիշ է եղել, սպորտի վարպետ է եւ լավ գիտի մարզաձեւի նրբությունները: Եվ պատահական չէ, որ ըմբշամարտը նոր թափով զարգանալ սկսեց հենց նրա ղեկավարման օրոք: Սպորտում հաջողություններն ուղիղ համեմատական են ֆինանսներին, բայց այն դեպքում, եթե գումարները ճիշտ եւ նպատակային են օգտագործվում: Մեր պարագայում դրանք համընկնում են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031