Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեմինացում՝ Հայաստանի պետական նվագախմբերում

Օգոստոս 03,2013 14:19

Gayaneh-AbrahamianԺամանակակից սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը պատկանում է 18-րդ դարի վիեննական դպրոցի ներկայացուցիչ, կոմպոզիտոր Հայդնին: Այդ նվագախմբերն ունեին կամերային կազմ: Հետո արդեն, հարյուրամյակների ընթացքում, նվագախմբում ընդգրկված երաժիշտների թիվն ավելացավ: Այսօր արդեն դա կազմում է 82-110 նվագախմբի արտիստ: Չգրված մի օրենքով նվագախմբերում ընդգրկվում էին միայն տղամարդ երաժիշտներ: Հետաքրքիր է, որ այդ «օրենքը» գործեց մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականներ: Հենց այս ժամանակահատվածում էլ աշխարհահռչակ «Բեռլին ֆիլհարմոնիկի»  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը, բառի իսկական իմաստով, հանդգնեց խախտել «օրենքը»՝ նվագախումբ հրավիրելով կին ֆլեյտահարի: Այս փաստը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, նույնիսկ դրվել էր Կարայանին նվագախմբից հեռացնելու հարցը: Այդ տարիներին դարձյալ մի հռչակավոր նվագախումբ՝ Վիեննայի ֆիլհարմոնիկը, գործում էր առանց կին  երաժիշտների:

Մերօրյա որոշ նվագախմբերում՝ ոչ միայն հայաստանյան, իսկական ֆեմինացում է՝ մեծ թիվ են կազմում կանայք:

Այսպես. օպերային թատրոնի նվագախմբի կոնցերտմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը (երկրորդ լուսանկարում), ֆիլհարմոնիկ նվագախմբինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը (առաջին լուսանկարում), երիտասարդականինը՝ Աննա Անդրիասովան, կամերային նվագախմբինը՝ Աստղիկ Վարդանյանր: «Առավոտը» փորձեց կապվել կոնցերտմայստերների հետ, հետաքրքրվելով, թե գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժորի աջ ձեռքը հանդիսացող կին երաժիշտները նախ ինչպես են վերաբերվում իրենց պաշտոնին:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ հայաստանյան նվագախմբերում կին կոնցերտմայստերների առկայությունը զուտ պատահականություն է. «Ցանկացած երաժշտական ստեղծագործություն լսելիս միանշանակ չես կարող ասել՝ դա կնո՞ջ մեկնաբանություն է, թե՞ տղամարդու, եւ ցանկացած գլխավոր դիրիժոր, որ ձգտում է բարձրակարգ կոնցերտմայստեր ունենալ, ինքը մի տեսակ հանգիստ է զգում իրեն: Չեմ բացառում եւ ստեղծագործական բանավեճերը, որոնք անխուսափելի են, օրինակ, իմ գլխավորի՝ Կարեն Դուրգարյանի եւ օպերային թատրոնի մյուս դիրիժորների միջեւ: Առիթից օգտվելով մի բան էլ ասեմ, ինչը երբեք չեմ բարձրաձայնել. եթե լինեի տղամարդ, ապա ջութակահարիս մասնագիտությունը կզուգակցեի դիրիժորության հետ: Չեմ ուզում վիրավորել կին դիրիժորներին, սակայն այդպես էլ չընդունեցի, որ դիրիժորական վահանակի մոտ կանգնում է կին երաժիշտ… Մի բան էլ կա. տղամարդը զգոն է լինում, երբ կողքին կին է…»:

Կարմեն Թոսունյանը կին կոնցերտմայստերների հայաստանյան «առատությունը» բացատրեց տղամարդ երաժիշտների քիչ թվով. «Հեծանիվ հորինած չեմ լինեի, եթե ասեմ, որ կանայք մի կողմից ենթարկվող են, մյուս կողմից էլ՝ հրամանատար: Ի վերջո, պատմությունից մենք գիտենք լիդեր կանանց՝ Ժաննա դ’Արկ, կամ՝ ամազոնուհիներ… Չեմ կարող ասել, թե կնոջ մտածելակերպը կամ մասնագիտական որակները զիջում են տղամարդկանց, սակայն մի բանում համոզվել եմ. նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի համար ավելի դյուրին է ղեկավարել կանանց, այլ ոչ թե տղամարդկանց:  Կինը՝ լինի լիդեր, թե հրամանատար, միեւնույն է, նուրբ էակ է… Մյուս կողմից էլ՝ ավելի դիվանագետ է: Օրինակ, եղել են դեպքեր, երբ գլխավոր դիրիժորիս՝ Թոփչյանի հետ համակարծիք չեմ եղել, բայց միանգամից չեմ բորբոքվել: Փորձի ընդմիջմանը կամ ավարտին զրուցել եմ նրա հետ, ինչ-որ տեղ էլ համոզել, «շոյել», եւ ամեն ինչ իր տեղն է ընկել: Իմ կարծիքն է՝ նվագախումբը պետք է ղեկավարի տղամարդ դիրիժոր, իսկ կոնցերտմայստերի դերում ցանկալի է լինի կին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031