Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահի 24 թեկնածուներից ո՞ր մեկի ընտրությունն է ձեռնտու հայերիս

Օգոստոս 03,2013 14:20

«Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 26 թեկնածուներից  գրանցել են 24-ին, երկուսին մերժել են, քանի որ նրանք ունեցել են երկքաղաքացիություն, իսկ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ արգելվում է երկքաղաքացիություն ունեցող անձանց  առաջադրվել որպես թեկնածուներ»,- այսպես ներկայացրեց հոկտեմբերի 27-ին Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այդ երկրում քաղաքական իրավիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Մեր զրուցակցի կանխատեսմամբ՝  պայքարը գնալու է երեք թեկնածուների միջեւ:  Վրաստանի նախագահի աթոռի համար հայտ ներկայացրածներից առաջինը  վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանք» կուսակցությունն է, որի թեկնածուն  Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ վերջինս կիրթ անձնավորություն է, սակայն հասարակության կողմից քիչ  է ճանաչված եւ չունի այն խարիզման, որն ունի Բիձինա Իվանիշվիլին կամ երկար ուղի անցած այլ քաղաքական գործիչներ: «Բայց նա մի մեծ առավելություն ունի՝ գործող վարչապետի թեկնածուն է, եւ «Վրացական երազանք» կուսակցության ամբողջ հնարավորությունները կուղղվեն Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը ապահովելու համար»,- ասում է քաղաքագետը:

Քանի որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրավունք  չունի երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, ուստի նրա կուսակցությունը՝ «Միավորված ազգային շարժումը», ներքին քվեարկության արդյունքում  առաջադրել է Վրաստանի Ազգային ժողովի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը: Ըստ Գագիկ Համբարյանի՝ նա ոչ միայն վայելում է Սաակաշվիլիի հովանավորչությունը, այլեւ  ունի սեփական ընտրազանգվածը:

3-րդ հայտնի թեկնածուն  ճանաչված քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին վարչապետ, նախագահի նախկին պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն է՝ «Դեմոկրատական շարժում, միացյալ Վրաստան» կուսակցության լիդերը: «Նա  Վրաստանի ամենախարիզմատիկ քաղաքական գործիչներից  է, եւ նրա մասնակցությունը ընտրություններին, ըստ Վրաստանի քաղաքագետների, կհանգեցնի նրան, որ ընտրությունները կանցնեն երկու փուլով, այսինքն՝ բավական մեծ ձայներ կտանի եւ  կխանգարի թե՛ Գեորգի Մարգվելաշվիլիի,   թե՛  Դավիթ Բաքրաձեի հաղթանակին առաջին փուլում»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:

Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ այս երեք թեկնածուներից ոչ մեկը բացեիբաց հակահայկական կեցվածք չունի: «Գեորգի Մարգվելաշվիլիի կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, այն քաղաքական ուժն է Վրաստանում, որը փորձում է Վրաստանը դուրս բերել ադրբեջանա-թուրքական տանդեմի ձեռքի  տակից, որի մեջ Վրաստանը ընկավ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին: Իսկ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուի՝ Դավիթ Բաքրաձեի ընտրվելը գուցե թե ձեռնտու չլինի հայերիս համար: Նա, բնականաբար, կշարունակի Սաակաշվիլիի քաղաքականությունը, ինչը մեզ համար ցանկալի չէ: Սաակաշվիլին կատաղիորեն ընդդիմացավ Աբխազիայից դեպի Վրաստան երկաթուղու բացմանը, ակտիվ լոբբինգ է վարում՝ վերջնականապես ավարտելու Բաքու-Թբիլիսի-Կարս  երկաթուղու շինարարությունը եւ անընդհատ նշում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ստրատեգիական գործընկերներ լինելու փաստը»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Վրաստանի նախագահի 4-րդ թեկնածուն Շալվա Նաթելաշվիլին է՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդը, որը Գագիկ Համբարյանի մատուցմամբ՝ համարյա  բոլոր նախագահական ընտրություններին մասնակցում է եւ պարտվում: Մեր զրուցակիցը նշում է, որ այս քաղաքական գործիչը թե վրաց, թե հայ հասարակության շրջանակում  հայտնի է որպես  հակահայ քաղաքական գործիչ, միշտ աչքի է  ընկնում իր  հակահայկական ելույթներով:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ հայտնի թեկնածուներից է նաեւ  Գեորգի   Թարգամաձեն՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» առաջնորդը, որը ժամանակին շատ սերտ կապեր է ունեցել Աջարիայի նախկին  նախագահի, Վրաստանի  ամենահզոր քաղաքական գործիչներից   մեկի՝ Ասլան Աբաշիձեի հետ, որը վերջերս վերադարձավ Վրաստան՝ վարդերի հեղափոխությունից հետո: Թեկնածուներից է նաեւ Սերգո Ջավախիձեն՝ «Արդար Վրաստանի համար»  շարժման  ղեկավարը:

Գագիկ Համբարյանը նշեց, որ թեկնածուների մեջ կա եւս մեկը, որի ընտրվելու հավանականությունը համարյա զրոյական է, բայց նրա մասնակցությունը Վրաստանի նախագահական ընտրություններին ցույց է տալիս ադրբեջանա-թուրքական տանդեմի աշխատանքը Վրաստանի ներքին կյանքում: Խոսքը  «Վրաստանի ադրբեջանցիների  ազգային ասամբլեայի» ղեկավար Դաշգին Գյուլմամեդովի մասին է: «Այստեղ արդեն ամեն ինչ ասված է, ինձ թվում է՝ ավելին մեկնաբանել  պետք չէ, թե այս անձը իրենից ինչ է ներկայացնում ու ում շահերն է պաշտպանում: Այստեղ վտանգավորը  վրացական հասարակության եւ վրացական պետության համար այն է, որ այս անձը, մեղադրելով  նախագահ Սաակաշվիլիին այն բանում, որ վերջինս  վարում է Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի քաղաքականությունը՝ «Վրաստանը վրացիների համար», միեւնույն ժամանակ ինքն է պառակտում  մտցնում վրաց հասարակության մեջ՝ կրոնական սկզբունքով: Բացեիբաց հայտարարում է, որ իրեն կընտրեն Վրաստանում բնակվող բոլոր մահմեդականները, որոնց թիվը քիչ չէ՝  էթնիկ ադրբեջանցիները, հյուսիս-կովկասյան ազգերը, մահմեդական վրացիները, թուրք-մեսխեթցիները»,- ասում է մեր զրուցակիցը:

Մյուս թեկնածուները, ըստ  հայ քաղաքագետի, կարեւոր դեմքեր չեն, եւ պայքարը կընթանա վերը նշված երեք թեկնածուների միջեւ՝ գործող «վարչապետի մարդ» համարվող Գեորգի Մարգվելաշվիլիի, գործող «նախագահի մարդ» Դավիթ Բաքրաձեիի  եւ նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեի:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031