Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենասովորական օրը տոն էր դարձնում»

Օգոստոս 03,2013 14:05

hr-2 hr-1Մարդկային կորստի ցավը. հրադադար

Երեւանցի Նարեկ Մարգարյանը դեռեւս դպրոցական տարիներին որոշել էր, որ  հայտնի գինեգործ է դառնալու, եւ իր պատրաստած գինին խմելու են աշխարհի տարբեր անկյուններում:

«Նարեկս մտադրություն ուներ ընդունվելու Ագրարային համալսարանի գինեգործության բաժին: Ուզում էր գինեգործ դառնալ. ասում էր՝ տակառիկներ եմ սարքելու եւ զբաղվեմ գինեգործությամբ: 8-րդ դասարանում դասընկերների հետ էքսկուրսիա էր գնացել գինու գործարան եւ շատ էր տպավորվել, հիացած եկել էր տուն ու պատմում էր»,- հիշում է Նարեկի մայրը՝ Աղավնի Ղուկասյանը:

1990-ի հունվարի 17-ին ծնված Նարեկ Մարգարյանն ընտանիքի երկրորդ որդին է՝ ավագ եղբորից երկու տարով փոքր:

Նարեկի մասին խոսելիս հարազատները պատմում են, որ շատ կատակասեր էր եւ աշխատասեր: Տիկին Աղավնին հիշում է, որ որդին դպրոցում շատ սիրված էր եւ բարձր  գնահատականներով էր սովորում: «Դպրոցում առարկաներից շատ էր սիրում ֆիզիկան ու քիմիան: Իրանց դասասենյակը հենց քիմիայի կաբինետն էր, ինքն էլ իբր փորձեր էր անում, մեկ էլ կտեսնեի՝ կեղտոտված, մրոտված գալիս էր տուն: Իր ուսուցիչներին ծաղիկներ չէր նվիրում, այլ իր ձեռքերով գեղեցիկ հուշանվերներ էր պատրաստում ու նվիրում, ասում էր՝ թո՛ղ ուրիշներից տարբեր լինեմ, ինքը սիրում էր տարբերվել»,- պատմում է Նարեկի մայրն ու հավելում, որ որդին նաեւ շատ էր սիրում գրքեր կարդալ, հատկապես՝ պատմավեպեր:

«Մաթեմատիկայի աղյուսակ էին անցնում, ես էլ սկսեցի հարցեր տալ: Ինչ հարցրեցի, ճիշտ պատասխանեց, զարմացա, որովհետեւ  նոր-նոր էին սկսել անցնել ու դժվար էդքան լավ յուրացրած լիներ: Մեկ էլ տեսնեմ՝ ձեռքի մեջ փոքր հաշվիչ ա պահել ու արագ հաշվում ա դրանով»,- պատմում է մորաքույրը՝ Նորան:

Աղավնին պատմում է, որ Նարեկը դեռ փոքր տարիքից շատ կոկիկ էր եւ ուշադիր էր իր իրերի նկատմամբ, խաղալիքները երբեք չէր փչացնում, կոտրում, շատ խնամքով էր պահում: «Ամեն տարի որ գյուղ էինք գնում, խաղալիքների դարակի դուռը բանալիով փակում էր, որ ոչ ոք չբացի ու խաղալիքները չվերցնի, հետո բանալին վերցնում էր ու գալիս էր տուն»,- հիշում է եղբայրը՝ Գրիգորը:

Հարազատները եւ ընկերները պատմում են, որ Նարեկը շատ տարբեր նախասիրություններ ուներ. 9 տարեկանից հաճախում էր «Հմուտ ձեռքերի» խմբակ եւ հուշանվերներ էր պատրաստում, նաեւ պատանի տեխնիկների խմբակի անդամ էր: Այս ամենից բացի, Նարեկը նաեւ հաճախել է հումորի դպրոց եւ մասնակցել է Հայաստանի Ուրախների ու հնարամիտների ակումբի (ԽԹծ) խաղերին:

«Երեւի 10 տարեկան կլիներ, մի օր եկավ մեր տուն, տանը հին արդուկ ունեինք, համոզեց, վերցրեց: Արդուկի տակի հատվածից նավակ սարքեց: Շարժիչ էլ էր ամրացրել, դնում էր ջրի վրա, ինքն իրեն գնում էր նավակը»,- հիշում է Նարեկի ավագ մորաքույրը՝ Նվարդը: Հարեւանուհին՝ Նադյան, պատմում է, որ Նարեկին բակում շատ էին սիրում. «Բակում բոլոր հարեւաններին հասնում էր, օգնում: Ինքը կռիվներ չէր սիրում ու միշտ հաշտեցնողի դերում էր: Շատ հարգանքով երեխա էր: Ես բժշկուհի եմ, ու հենց Նարեկը հիվանդանում էր, շատ էր անհանգստանում, անմիջապես ինձ էր դիմում: Շատ ուշադիր էր, բոլոր դեղերն անպայման ժամանակին խմում էր»:

Ընկերներն էլ հիշում են, որ Նարեկը հմուտ լողորդ էր, շատ փոքր տարիքից էր սկսել լողով զբաղվել: Նարեկի ընկերը՝ Գեւորգը, պատմում է, որ Նարեկի հետ երեք տարեկանից ընկերություն են արել. «Կարելի ա ասել՝ մի տան մեջ ենք մեծացել: Նարեկը շատ բարի անձնավորություն էր, ընկերասեր, բոլորին օգնում էր: Հավաքում էր բակի երեխեքին, շաբաթօրյակ էր կազմակերպում, ուրախ ժամանցներ, խնջույքներ: Մի օր էլ գնացել էինք Հրազդանի կիրճ՝ ձուկ բռնելու, բայց կարթ չունեինք, գնաց տանից վարագույր բերեց, ու էդ վարագույրով էլ մի քանի հատ ձուկ բռնեցինք»:

Հարազատները պատմում են, որ Նարեկը պահանջկոտ չէր, շատ աշխատասեր էր եւ նույնիսկ դպրոցական տարիներին ամառային արձակուրդի ընթացքում աշխատում էր եւ իր կարիքներն իր գումարով  հոգում:

«Երեւի 14-15 տարեկան էր, շատ էր ուզում բջջային հեռախոս ունենալ, բայց մենք չէինք կարող գնել: Նարեկը գնաց, ընդունվեց հացի գործարաններից մեկում աշխատանքի, որ իր գումարով հեռախոս առնի: Մի օր էլ ինչ-որ ծանր բան էր ընկել ոտքին ու ոտքն ուռել էր: Առավոտյան վեր ա կացել ու էդ ուռած ոտքով ուզում ա գնալ աշխատանքի, ասում եմ՝ այ բալա ջան, մի՛ գնա, ասեց՝ չէ՛, պիտի գնամ, որ փողս հավաքվի: Նույնիսկ էդ ոտքով էլ գնաց աշխատի»,- պատմում է մայրը:

Նարեկի ե՛ւ ընկերները, ե՛ւ հարազատները նշում են, որ Նարեկն առանձնանում էր իր հումորներով, ու բոլոր ընտանեկան հավաքույթներից ինչ-որ հետաքրքիր պատմություններ են հիշում՝ Նարեկի հետ կապված. «Ամենասովորական օրը տոն էր դարձնում իր հումորով ու սրամտությամբ»,- ասում է մորաքույրը:

«Նարեկը շատ ուշադիր երեխա էր. հենց մանուշակը դուրս էր գալիս, անպայման բոլորիս նվիրում էր: Տոներից  շատ էր սիրում Ամանորն ու Մարտի 8-ը եւ պարտադիր նվերներ էր պատրաստում բոլորիս համար: Բոլոր մորաքույրների համար նույն հուշանվերից էր պատրաստում ու նվիրում»,- ասում է Նվարդ մորաքույրը՝ հավելելով, որ մինչեւ հիմա Նարեկի բոլոր նվերները սիրով պահում են:

2008-ին Նարեկ Մարգարյանը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության:

Տիկին Աղավնին ասում է, որ որդու ննջասենյակն այսօր էլ նույն տեսքն ունի, ինչ Նարեկի պատանեկության տարիներին՝ շրջապատված իր սիրելի իրերով եւ իր պատրաստած հուշանվերներով, որոնք խնամքով հավաքում էր ու պահում:  Նարեկ Մարգարյանը զոհվել է 2010-ի հունվարի 25-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 20 տարեկան էր:

Հ.Գ. «Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031