Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքայինը նմանակել էր հրամանատարին

Օգոստոս 03,2013 14:01

Հարուցվել է քրեական գործ

Զինվորական գործերը, որպես կանոն, դատարանում ընթանում են արագացված ընթացակարգով: Մեղադրյալներն ընդունում են իրենց մեղքը, սակայն պատժաչափը հետագայում բողոքարկում բարձրագույն դատական ատյաններում:

Այդպիսի արագացված քննության եւ դատական ակտի դեմ բողոք կա ՀՀ վերաքննիչ քրեական եւ զինվորական դատարանում:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ քննվել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, կոչումով կապիտան Արգամ Հարությունյանի եւ կուրսանտ, շարքային Մեսրոպ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը:

Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վազգեն Հարությունյանը պաշտպանել էր սույն մեղադրանքը:

Փետրվարի 7-ի որոշմամբ դասակի հրամանատար, կապիտան Արգամ Հարությունյանի եւ նույն վաշտի ջոկի ժամկետային զինծառայող, շարքային Մեսրոպ Հակոբյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասի եւ 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժին:

Արգամ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ շարքայինին կալանավորել են:

Ըստ գործի նյութերի, կապիտան Արգամ Հարությունյանը գնացել էր զորամասի բաղնիք՝ լոգանք ընդունելու նպատակով:

Բաղնիքի դիմաց գտնվելու ընթացքում՝, այն բանից հետո, երբ վաշտի կուրսանտները շարքից դուրս գալով այս ու այն կողմ են քայլել, կուրսանտ Մեսրոպ Հակոբյանը, դիմելով վաշտի կուրսանտներին, կատակով նրանց «բրիգադա զգաստ» հրամանն է տվել: Այդ լսելով՝ կապիտանը պահանջել է, որ կուրսանտները շարքում լռություն պահպանեն: Կուրսանտ Մեսրոպ Հակոբյանը, շարքին դիմելով, կատակով ասել է. «Այդ ովքեր են շարքում խոսում»: Կապիտանը, լսելով այդ, իր մոտ է կանչել Մեսրոպ Հակոբյանին, հարցրել է նրան, թե ինչո՞ւ է նա իրեն նմանակում, ապա՝ ապտակել:

Կուրսանտը, դիմելով կապիտանին, հարցրել է, թե ինչու է նա իրեն ապտակում: Հրամանատարը կրկին ապտակում է զինվորին: Զինվորը բռնում է կապիտան Ա. Հարությունյանի ձեռքերը, որպեսզի նա իրեն չհարվածի, իսկ կապիտանը, կուրսանտի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, գլխով հարվածել էր նրա դեմքին:

Ականատես կուրսանտները մոտեցել, նրանց իրարից հեռացրել են, ինչից հետո կապիտան Հարությունյանը կուրսանտ Հակոբյանին տարել է գումարտակի կողմ: Ըստ գործի նյութերի, ծնողների հասցեին հայհոյանքի համար, կուրսանտը բռունցքով հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով հարմանատարը ընկել է:  Գետնին ընկած վիճակում կուրսանտը ոտքով հարվածել է կապիտանի դեմքին:

Արագացված դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքների հետ ամբաստանյալները համաձայն են եղել:

Դատավճռով Արգամ Հարությունյանը դատապարտվել է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ երկու տարի ժամկետով՝ աշխատավարձի 10%-ի պահումով,

Մեսրոպ Հակոբյանը՝ ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031