Լոռու մարզպետարանում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Լոռու մարզպետարանը, Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի եւ Շամլուղի քաղաքապետարանները, Օձունի, Մեծավանի, Աքորու եւ Շնողի գյուղապետարանները:
Մարզպետարանից տեղեկացանք, որ հուշագիրը ստորագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում կմշակվեն համայնքային զարգացմանը նպաստող տնտեսական ծրագրեր, կկազմակերպվեն մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական եւ տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաեւ ծրագրի շահառուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն` Լոռու մարզի համայնքների զարգացմանը եւ տնտեսական հզորացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: Ծրագիրը կնպաստի նաեւ արտագաղթի նվազեցմանը, վստահ են մարզպետարանում: