Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսեղ Թումանյանի որակները թույլ են տալիս լինել գեղարվեստական ղեկավար

Օգոստոս 03,2013 13:00

Այսօր օպերային ճանաչված երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է. լրանում է նրա 55-ամյակը: Անկասկած, կլինեն շնորհավորանքներ, այդ թվում՝ նաեւ՝ բարձր մակարդակով, նորից ու նորից կնշվեն արվեստագետի վաստակը, ծառայությունները, հատկապես կընդգծվի այն հանգամանքը, որ Բարսեղ Թումանյանը այն եզակիներից էր, որ երիտասարդ հասակում կանգնեց մեր օպերային բեմի մեծերի կողքին՝ վստահաբար կատարելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային օպերային գրականության ընտիր էջերից՝ բասի դերերգեր: Նա առաջին հայաստանցի բասն է, որին հրավիրեցին աշխարհի ճանաչված օպերային թատրոնները, որտեղ էլ խաղընկեր ունեցավ  օպերային աստղերի: Գուցե այսօր հայրենասիրություն հասկացությունը հասարակացվել է, սակայն երգչի դեպքում այն  հաստատ իր բարձրության վրա է: Նա մնաց հայրենիքում, չգայթակղվեց «աշխարհահռչակ» մակդիրով, որով այսօր փորձում են մեզ ներկայանալ օտարերկրյա աննշան թատրոններում հանդես եկող մեր համերկրացիները:

«Առավոտն» էլ միանում է բոլոր շնորհավորանքներին, բայց նաեւ իր մտահոգություններն արտահայտում ինչ-ինչ պատճառներով անվանի երգչին Հայաստանի բեմերում եզակի դեպքերում հանդիպելու առիթով, մինչդեռ Բարսեղ Թումանյանը ցանկալի հյուր է ճանաչված օպերային թատրոնների ու հեղինակավոր համերգասրահների, մեծանուն դիրիժորների ու նվագախմբերի համար:

20-րդ դարի վերջին, օպերային արվեստում երկու երեւույթ՝ Բարսեղ Թումանյանն ու Պաատա Բուրչուլաձեն հայտնվեցին  համընդհանուր քննարկումների կենտրոնում: Սա նշանակում է, որ երգչի տաղանդն ու ճանաչումն այսօր նրա անցաթուղթն են շատ երկրներում: Ունենալով լայն դիապազոն, լավ երանգավորված, միշտ ամուր ու հավասար հնչող ձայն, նա կերտել է օպերային բազմաթիվ կերպարներ: Կատարած ստեղծագործությունների նկատմամբ իր ակտիվ վերաբերմունքը դրսեւորելիս, երգիչը երբեք «կոնֆլիկտի» մեջ չի մտնում իր ձայնի հետ, ձայնը նրան հնազանդ է, միշտ լավ օգնական, միշտ ի վիճակի համապատասխան հնչյունային մարմնավորում տալու երգչական բոլոր մտահղացումներին: Մի կարեւոր հանգամանք. Բարսեղ Թումանյանն իր կատարած բոլոր ստեղծագործություններին, ինչ ոճի, ինչ տեմպերամենտի ու տրամադրության դրանք լինեն, հաղորդում է ինչ-որ առանձնակի ջերմություն, կարծես դրանք գունազարդում է տաք, բայց ոչ երբեք ճչացող տոներով: Նա միշտ աշխատում է թեթեւ ու անբռնազբոս երգել: Խոսքն այս դեպքում տեխնիկական թեթեւության մասին չէ, այլ այն թեթեւության, որ հարակցվում է անմիջականության հետ՝ թե զգացմունքների վերարտադրության, թե կատարողական հնարների առումով: Նրա երգեցողությանը միանշանակ հատուկ է էպիկական շունչը, ինչը պայմանավորված է նրա ձայնի բնույթով, դեպի հերոսական-դրամատիկականը հակված ստեղծագործական խառնվածքով: Արտիստական գործունեության սկզբից երգչի երկացանկում իր պատվավոր տեղն է ունեցել Կոմիտասը, եւ նա քիչ ճիգ ու ջանք չի գործադրել հանճարեղ երգահանի ստեղծագործությունները արժանի ձեւով ու մեկնաբանությամբ ներկայացնելու համար: Եվ դա միանգամայն հասկանալի է. նրա համար պատվի ու արտիստական բարձր ինքնասիրության գործ է երգարվեստի այդ լեռնագագաթը նվաճելը: Կոմիտասի «պարզ» երգերը արժանի պարզությամբ երգելու համար երգիչը պետք է վոկալ արվեստի ամենադժվար նրբուղիներով անցած լինի: Ի դեպ, նորանկախ Հայաստանում Բարսեղ Թումանյանը միակ օպերային երգիչն է, որն արժանացավ ժողովրդականի կոչման: Պետական գնահատանքը կա, բայց մասնագիտական դաշտում հատուկենտ են հիշում նրան, մասնավորաբար՝ այն կառույցների կողմից, որտեղ երգիչը կարող էր ահռելի դերակատարություն ունենալ՝ նպաստելով երիտասարդ արվեստագետների դաստիարակմանը, օպերային երգեցողության ու մանկավարժական հիմքերի ամրապնդմանը, հատկապես Ազգային օպերային թատրոնում երիտասարդների հետ տարվող աշխատանքներում: Լավ է, որ վերջերս նրան հրավիրել են մասնակցելու Ազգային օպերային թատրոնի մեներգիչների ու ստաժորների լսումներին, բայց, ինչպես ասում են, սա միանգամյա ակցիա է: Մինչդեռ ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում գտնվող երգիչը շատ ավելի լուրջ, նշանակալի պաշտոն պետք է ունենա օպերային թատրոնում, քանի որ նրա բեմական-ստեղծագործական փորձը, գեղարվեստական ընկալումները, ի վերջո՝ Հայաստանից դուրս ունեցած մեծ ճանաչումը միջոց են այսօր որոշակի քայլեր կատարելու թատրոնում, նպաստելով վերջինի գեղարվեստական մակարդակի բարձրացմանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031