Երեւանում հեծանվային երթեւեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ: Այդ նպատակով ձեւավորվել է հասարակական կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների եւ բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման եւ շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ: Քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթեւեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Կարդացեք նաև
Աշխատանքային խումբը քննարկել է նաեւ կանգառների անվտանգության ապահովման եւ մայրաքաղաքում հեծանվուղիների ձեւավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաեւ ներդրողները: