Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը»

Օգոստոս 02,2013 21:46

Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։

Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքով՝  հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ եւ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլեւ՝ մարդկային տարրական էթիկան։

Այս կապակցությամբ կոչ ենք անում շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից եւ լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական եւ քաղաքակիրթ մեթոդներ։  Գնահատելով այս շարժման կարեւորությունը՝ գտնում ենք, որ նման հրապարակային միջոցառումներին ցանկացած լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը։

Մյուս կողմից՝ կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ներին եւ մասնավորապես՝ հեռուստաընկերություններին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս եւ քաղաքացիական այլ շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորեն՝ հաշվի առնելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ  (նախկինում՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ)

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031