2013 թվականին Չիկագոյի համալսարանի ասպիրանտ Հաննա Չեյզին շահեց Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի դրամաշնորհ՝ Ծաղկահովիտների հարթավայրում պեղումներ եւ Հայաստանում ուշ բրոնզե դարի անասնապահության ուսումնասիրություն իրականացնելու համար: Այսօր Երկրաբանության թանգարանում կազմակերպված սեմինարի ժամանակ նա ներկայացրեց իր հետազոտության, մասնավորապես, բրոնզե դարում արածեցվող կենդանիների սոցիալական եւ քաղաքական նշանակության մասին:
Սեմինարից առաջ Նինա Իսկանդարյանը խոսեց իրենց ինստիտուտի գործունեության մասին. «Ես ներկայացնում եմ ARISC-ը՝ Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը: Հայաստանում մենք գործում ենք մի քանի տարի, բայց այս աշնանը հոկտեմբերին բացելու ենք գրասենյակ՝, այսինքն` կգրանցվենք, կլինենք արդեն Հայաստանի գրանցված կազմակերպություն եւ արդյունքում մեր գործունեությունը կմեծանա, կծավալվի: Մենք շատ ուրախ ենք, որ Երկրաբանության ինստիտուտը մեզ այսպիսի համագործակցության հնարավորություն է տվել: Ամերիկյան ինստիտուտը ունի տարբեր ծրագրեր, որոնցից է «Heritage Manegment»-ը, որտեղ ընդգրկված են այնպիսի կազմակերպություններ եւ անձինք, որոնք աշխատում են ժառանգության պահպանման ոլորտում, ասենք, ժողովածուներ, թանգարանային ինչ-որ աշխատանքներ եւ ամերիկյան գործընկերների հետ համատեղ կարող են տարբեր տեսակի գործունեություն ծավալել ուղղված մշակութային եւ պատմական ժառանգության պահպանմանը: ARISC-ը նաեւ տարբեր դրամաշնորհներ է նվիրում հայկական եւ ամերիկյան գիտահետազոտական աշխատանքների համար: Այժմ շարունակվում են դրամաշնորհներ ստացողների սեմինարները: Այսօրվա մեր սեմինարը վարելու է Հաննա Չեյզինը, որը Չիկագոյի համալսարանի ասպիրանտ է եւ ArAGATS հայ-ամերիկյան միասնական հնագիտական ծրագրի անդամ»:
Հաննա Չեյզին ասաց, որ իր թեկնածուական հետազոտության մեջ երկու կարեւոր հարց է քննարկում. առաջինը՝ թե ինչպես են բրոնզե դարում անասնապահները ինտեգրված եղել քաղաքական եւ սոցիալական կյանքի մեջ եւ երկրորդ՝ ինչպիսին էր անասունների շրջանառությունը ուշ բրոնզե դարում: Նա ներկայացրեց իր հետազոտության արդյունքներից եւ պատասխանեց հյուրերի հարցերին: Նշենք, ար այս սեմինարին ներկա էին Հայաստանի տարբեր համալսարանների մասնագետներ, որոնցից են Նինա Մանասերյանը՝ Կենսաբանության Ինստիտուտից, Իվան Գաբրիելյանը՝ Բուսաբանության ինստիտուտից, Էլմիրա Հարությունյանը՝ Արեւելագիտության ինստիտուտից եւ այլք: Սեմինարից հետո հյուրերից շատերը տարբեր բացթողումներ գտան Հաննայի ուսումնասիրության մեջ, եւ դիտողություններ արեցին նրան:
Նինա Մանասերյանի կարծիքով պարզ զգացվում է, որ Հաննան նորեկ է այս գործում եւ ուսումնասիրությունը չի արել խորն ու ամբողջովին: Հաննան ուսումնասիրության համար վերցրել է միայն երկու աղբյուր այնինչ երկու աղբյուրով ուսումնասիրությունը երբեք լիարժեք չէ:
Մեզ հետ զրույցում Հաննան այսպես մեկնաբանեց հյուրերի դիտողությունները. «Իմ կարծիքով սա նորմալ է, քանի որ սա իմ առաջին հետազոտությունն է: Կան տարբեր կարծիքներ եւ տարբեր մոտեցումներ: Եւ սա է պատճառը, որ մենք խոսում ենք իրար հետ, որպեսզի մենք նոր կարծիքներ լսենք ու ընկալենք: Դրա համար շատ հետաքրքիր էր Հայաստանում աշխատելը: Այսպիսով, ես բերեցի այն ինչ ես գիտեմ Միացյալ Նահանգներից եւ սովորեցի այստեղ շատ նոր բաներ: Եւ ես կշարունակեմ աշխատել այստեղ այնքան, որքան կարողանամ»:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ