Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի կիսամյակային ծրագիրը կատարվել է 47.2 մլրդ դրամ հավելուրդով

Օգոստոս 02,2013 17:45

2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6% ով և 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում ձևավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 3.4 մլրդ դրամով:

2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4% ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:  Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9 տոկոսով: Այս ուղղությամբ պետական բյուջեն համալրվել է 479.6 մլրդ դրամով, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Չնայած ծախսերի արձանագրված շուրջ 91 տոկոս կատարողականին՝ պետական մարմինների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ֆինանսավորվել են ամբողջությամբ և ժամանակին: <<Ծախսերի ծրագրային ցուցանիշից շեղումը օրինաչափ երևույթ է, ինչը բնորոշ է բոլոր երկրներին: Ծախսի համար նախատեսված ծրագրային ցուցանիշը տվյալ ծրագրի համար օգտագործվելիք միջոցների առավելագույն չափաքանակն է, որը, պայմանավորված տարբեր գործոններով` տնտեսումներ, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխություններ և այլն, տրամաբանորեն կարող է փոփոխվել, ընդ որում՝ միայն նվազման ուղղությամբ>>,- պարզաբանում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ծախսային ծրագրից շեղումները, որոնք գործնականում արձանագրվել են գրեթե բոլոր ծախսատեսակների գծով, Ա. Ջանջուղազյանի հավաստմամբ, ունեն իրենց բացատրությունները, օրինակ՝ աշխատավարձերի դեպքում շեղումը բացատրվում է այն հանգամանքով, որ փաստացի աշխատողների թվաքանակը ավելի պակաս է եղել հաստիքացուցակով նախատեսվածից, պետական գնումների ոլորտում դրանք կարող են  պայմանավորված լինել տնտեսումներով, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխությամբ և այլն:

Անդրադառնալով պետական պարտքի սպասարկման հարցին՝ գլխավոր գանձնապետն ընդգծեց, որ պարտքը սպասարկվում է ժամանակին և ամբողջ ծավալով, և որևէ մտահոգություն այս տեսանկյունից մենք չունենք. Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով շարունակում է դասվել աշխարհի նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին: Ընդ որում, կարող ենք նշել, որ այստեղ նույնպես, կիսամյակի տվյալներով, առկա են խնայողություններ, քանի որ փաստացի արձանագրվել է  պետական պարտքի տոկոսադրույքների սպասարկման 95.6 տոկոս կատարողական՝ հիմնականում պայմանավորված միջազգային շուկայում Libor-ի  տոկոսադրույքով և պետական պարտատոմսերի հետգնման ծավալներով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031