Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին գիրքս տղայական ցանկություն էր, որը գրելով իրականացրեցի». Նորայր Սարգսյան

Օգոստոս 02,2013 17:48

Մելանխոլիա պարունակող արտաքին, խորը աչքե՜ր, առաջին հայացքից թվում է՝ այս երիտասարդն իր յուրաքանչյուր ստեղծագործության ամեն մի կերպարի պես անհատակ տխրություն ու սառնություն է ամփոփում իր մեջ: Երբ ծանոթանում ես նրա ստեղծագործությունների հետ, հասկանում ես, որ մի մութ ամպ կա կախված նրա ամեն տողի վրա, որը երբեք չի հեռանում: Նրան կարելի է տեսնել իրեն հարազատ ամենատարբեր գրողների շապիկներով, այսօր ընտրել էր Եղիշե Չարենցը, տրամադրության մեջ ակնհայտ չարենցական մի բան կար, որը մինչև վերջ չկարողացա բացահայտել: Նորայր Սարգսյան, 19-ամյա երիտասարդ ,ով մինչ իր առաջին գիրքը հրատարակելը մտածում էր, որ անկասկած մի բան կա իր մեջ, ինչը մեկ օր պայթելու է և փոխի աշխարհը, հիմա ինքն էլ չգիտի, ասում է՝ դա վաղուց էր, բայց որ իր հետքը թողնելու է: Քիչ է ժպտում, բայց ոչ հազվադեպ ասում է՝ գիտեմ՝ տգեղ ժպիտ ունեմ, բայց շարունակում եմ ժպտալ և խոսքը չավարտած նորից ժպտում է 🙂

Գրականությունով վարակվելու միակ «մեղավորը» հայոց լեզվի ուսուցչուհիս է եղել:

Ծնողներս պատմում էին, որ ստեղծագործել սկսել եմ դեռ շատ փոքր տարիքից: Պատմում են, որ սկզբում Հիսուսին նվիրված ինչ-որ բաներ էի գրում, իսկ ավելի լուրջ արդեն 15-16 տարեկանում սկսեցի գրել:Միանալով «Ցոլքեր» գրական երիտասարդական խմբակին՝ սկսեցի ավելի աճել: Իսկ առհասարակ գրականությունով վարակվելու միակ «մեղավորը» հայոց լեզվիս ուսուցչուհին էր: Ես մինչև 16 տարեկանը երևի ընդհանուր 4 գիրք հազթիվ թե կարդացած լինեի: Երբ ուսուցչուհուս մոտ հայոց լեզու էի պարապում՝ ընդունելության քննությունների համար, պարապմունքներից մեկի ժամանակ խոսակցություն գնաց գրականությունից, ուսուցչուհիս ասաց հայերը գրականություն չունեն և այլն և այլն, այդ պահին ես էլ ասացի, որ ես կգրեմ, ի՞նչ է եղել որ, և հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

Երբ խոսում եմ արձակի մասին, չեմ կարող չմեջբերել Բուկովսկուն:

Ինձ միշտ ասում են, որ արձակ ավելի լավ է ինձ մոտ ստացվում քան բանաստեղծություն գրելը, բայց ես արձակ այդքան էլ չեմ սիրում գրել, արձակ սիրում եմ կարդալ, իսկ բանաստեղծություն՝ գրել: Արձակի մասին խոսելիս չեմ կարող չմեջբերել Բուկովսկուն: Նա ասում է. «Ես բանաստեղծություն միշտ կարող եմ գրել, բայց արձակ պետք է լավ տրամադրություն ունենամ, հանգիստ լինեմ, խանգարող հանգամանքներ չլինեն»: Իհարկե ես կարծում եմ, որ ամեն մեկի մոտ տարբեր է, այնպես չէ, որ ինչ-որ գրողի գրածը կարդաս ու ասես միանշանակ այդպես է: Ինձ մոտ կարող է օրեր լինեն, սկսեմ մի քանի հատ բանաստեղծություն գրել, մի հատ արձակ գործ: Կարող է ամիսը մեկ անգամ գիշերը մի գժոտ գործ գրեմ և երբ  առավոտյան արթնանամ, նայեմ, վերընթերցեմ, հասկանամ, որ այդքան էլ վատ չի ստացվել, այսինքն՝ արձակի համար հատուկ ժամանակ և տրամադրություն է պետք :

Կարևորը քեզ ճանաչես, հասկանաս դու ով ես, եթե գիտես, հույսդ չես դնում մուսայի գալու վրա:

Ինձ համար մուսա չկա, ճիշտն ասած ես դրան չեմ հավատում, իմ կարծիքով մուսա լինել չլինելու միտքը ուղղակի մարդկանց խանգարում է: Կարևորը քեզ ճանաչես, հասկանաս՝ դու ով ես, եթե գիտես, հույսդ չես դնում մուսայի գալու վրա,  երբ էլ նստես ,գրես, գրելու ես,  միջիցդ դուրս է գալու ինչ -որ մի բան : Լավ գրելու համար ինձ պետք է 4 բան՝ թուղթ, գրիչ ծխախոտ և սուրճ, եթե սրանք կան, էլ ի՞նչ մուսա: Կողքից ոգեշնչվե՞լ. հնարավոր է նման բաներ լինեն, զուտ կարող է երգ լսեմ, ոգեշնչվեմ դրանից, բայց որ հատուկ կոնկրետանամ դրա վրա ,դա էլ սուտ կլինի: Օրինակ՝ 3 ամիս է արդեն՝ The Doors եմ լսում, պրինցիպյալ բացի The Doors-ից ՝ոչ մի բան չեմ լսում, իմ մոտ այդպես է ամեն ինչի վրա միշտ ինչ-որ ժամկետներ եմ դնում: Մեկ -մեկ փդած ռեփեր էլ եմ լսում, դա էլ է պետք, ասում եմ՝ օրեր ունեմ, որ այդ օրերին դրանք են պետք, ասենք, հանգստանալու համար:

Միստիկ բաների չեմ հավատում՝ ստեղծագործությունը թողնես եփվի և այլն, չէ՛, պետք է նստել ու գրել,  գրողի ճաշակը մեծ  նշանակություն ունի:

Եթե իմ ճաշակը սա է, ես երբեք չեմ կարող նստել և ուրիշ բան գրել, մի օր այսպես գրեմ, մի օր այնպես, չէ՛, երբ նստում եմ, որ մի բան գրեմ, շատ արագ մեծ ծավալի գործեր են ստացվում: Միստիկ բաների չեմ հավատում՝ ստեղծագործությունը թողնես եփվի և այլն, չէ՛, պետք է նստել ու գրել,  գրողի ճաշակը մեծ  նշանակություն ունի: Պարզապես հայերի մոտ մեկ բան կա, իրենք չեն սիրում պրոֆեսիոնալներին, իրենք սիրում են միշտ մտածել հետևյալը իբրև դա աստծու շնորհ է, այսպես -այնպես, բայց եթե դու գրող ես, ուրեմն երբ էլ նստես, պետք է կարողանաս գրել, ինչ կա քո մեջ, կարողանաս դուրս հանել: Ուղղակի պետք է ապրել, երբ ուզում ես գրել, պետք է գրես, օրինակ՝ հիմա կարդում եմ Դոստոևսկիին, նա ասում է. «Ես գրում եմ այն ժամանակ, երբ այլ անելիք չունեմ կյանքում, նստում եմ ու սկսում գրել»: Ինձ թվում է՝ գրականությունը հենց դա է, պարզապես պետք չէ դրա մեջ շատ խորանալ:

Առաջին գիրքս տղայական ցանկություն էր, որը գրելով իրականացրեցի:
Փոքր տարիքում բոլորի մոտ էլ լինում են ժամանակահատվածններ, որ քեզ թվում է, թե դու լուրջ գործ ես անում, ինչ-որ մարդիկ պետք է գործդ կարդան, փոխվեն, այ առաջին գիրք հենց այդ մտքով էի առաջնորդվել ու տպել: Առաջին գիրքս տղայական ցանկություն էր, որը գրելով իրականացրեցի: Սակայն ինձ համար առաջին գրքումս  ուղղակի անլուրջ գործեր են: Տարածված կարծիք կա գրականության մեջ, որ ամենալավ գրքերը մեզ դեռ հայտնի չեն, որովհետև այդ գրքերը շատերի մտքում են գալիս, սակայն իրենք չեն գրում կամ գրում են չեն տպում:

Ամոթ բան չէ լավ գործից ներշնչվելը, ես ինձ չեմ համարում ինչ -որ առանձին դետալ:

Երբ ներշնչվելու մասին խոսք է գնում, չեմ կարող Բուկովսկու անունը չտալ և առհասարակ չեմ կարծում, որ կլինի այնպիսի մեկը, ով չի ներշնչվի Բուկովսկուց, որովհետև ինքը բրուտալ տարբերություն է, եթե դու հայ ես, ապրում ես այստեղ, մեկ էլ հանդիպում ես Բուկովսկի, չի կարող դա քեզ անտարբեր թողնել: Նույն է, եթե նստենք այստեղ, անընդհատ Ռուբեն Հախվերդյան լսենք, իսկ աշխարհում ինչ ասես որ չկա, միամիտ ընկնենք իրենց գործերը կարդանք, միանգամից ներշնչվելու ենք, սկսելու ենք ավելի շատ հետաքրքրվել:Եթե ես կարող եմ ներշնչվել ու դրանից լավ գործ գրել, դրա մեջ վատ բան չկա: Ամոթ բան չէ լավ գործից ներշնչվելը, ես ինձ չեմ համարում ինչ- որ առանձին դետալ:

Պարտադիր չէ, որ հարբես ու նոր սկսես մի բան գրել, լավ գրողը պետք է կարողանա տալ դրա տպավորությունը, երբ ինքը գտնվում է ամենասթափ իրավիճակում:

Գրելու մեջ ամենահետաքրքիրը կարողանալ իրավիճակ ստեղծելն է, շատ են եղել, այնպիսի գործեր եմ գրել, որտեղ կերպարս բաբնիկ տղայի մասին էր, իսկ ինձ  անընդհատ հարցնում էին՝ վերջը էդ աղջկա հետ իրոք տենց վարվեցի՞ր և այլն, բայց մարդիկ չեն մտածում, որ գրականության մեջ իրականությունը վաղուց կորել է: Նույնը կարող եմ ասել խմելու վերաբերյալ՝ պարտադիր չէ, որ հարբես ու նոր սկսես մի բան գրել, լավ գրողը պետք է կարողանա տալ դրա տպավորությունը, երբ ինքը գտնվում է ամենասթափ իրավիճակում:
Իսկ ինչ մնում է ընթերցողներին, կարծում եմ՝ նրանց չպետք է հետաքրքրի  «իրոք»-ը, գրականության մեջ իրականությունը վաղուց կորել է: Հրանտ Մաթևոսյանը այսպիսի մի բան է ասում. «Գրող լինելը կարծես մեկ լինի բոլորի համար, միշտ ինչ-որ քո ստեղծած կերպարներից են մարդիկ կախվում, իսկ քո մասին մոռանում են»: Օրինակ՝ իմ կյանքում շատ է լինում , երբ աղջիկների հետ շփվում եմ, գործերս կարդացած են լինում արդեն իրենք իրենց կերպարն են ունենում ու երբ ես մի փոքր կողք եմ գնում այդ կերպարից, իրենք զարմանում են, մտածում են՝ ես այն չեմ ,ինչ գրել եմ, իսկ գրողի կյանքը հենց դրանով է դժվար մարդկային շփումների հարցում:

Շատ հաճախ աղջիկները կարծում են թե ես «սվոլոչ» տիպ եմ:

Շատ դեպքեր են լինում, երբ ես աղջկան սկսում եմ լուրջ վերաբերվել, իսկ ինքը, գործերիս ծանոթ լինելով, մտածում է, թե չէ հնարավոր չէ , որ ես ինչ -որ մեկին լուրջ վերաբերվեմ, սկսում է մտածել թե «սվոլոչ» տիպ եմ, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Երբ իրենց նեղացնում եմ, իրենցից կրկնակի անգամ վատ ինձ եմ սկսում զգալ, բայց իրենք երևի մտածում են, թե կարևորություն անգամ չեմ տալիս, գնում ինձ համար մի տեղ խմում եմ, ուրախանում եմ: Դա ինձ կյանքում շատ է խանգարում:

Ստեղծագործություններիս մեջ կհանդիպեք  Քրիստ անունով երիտասարդի. այ դա ես եմ:

Ընդհանրապես գրականության մեջ ես շատ ռեալ եմ գրում: Ստեղծագործություններիս մեջ կհանդիպեք Քրիստ անունով երիտասարդի. այ դա ես եմ: Իմ հիմնական կերպարը Քրիստն է, ես իրեն Քրիստ եմ անվանել, իր մեջ ընդգրկում են այնպիսի մտքեր, որոնք ես զգում եմ, բայց չեմ կարողանում իրականություն դարձնել և մեկ-մեկ շատ հետաքրքիր է այդ մտքերի հոսքին վերևից հետևելը:

Ինձ համար գրողը պետք է շատ հակասական մարդ լինի:

Չեմ սիրում, երբ մարդիկ բռնում են մի ուղղություն և ասում են՝ սա է ճիշտը, այսպես պետք է շարժվել: Նույն Չարենցին ես իր հակասական լինելու համար եմ սիրում, իսկ հայ մյուս գրողներին ինչպես նայում եմ, տեսնում եմ, որ  իրենք մի ուղղություն են բռնել ու գնացել են այդ ուղղությամբ: Ինձ համար գրողը պետք է շատ հակասական մարդ լինի,  գրողը մի գծի վրա չպետք է լինի, պետք է անընդհատ տատանում ունենա, ուղիղ գիծը շատ վատ է, որովհետև ինչքան տատանվում ես, այնքան նոր բաներ ես ստեղծում: Իմ կարծիքով՝ հակասությունը դա մտածելու արդյունք է, եթե գրողը մեկ տողի մեջ վեց անգամ իրեն հակասում է, նշանակում է՝ նա մտածել գիտի:

Իմ մեջ պատերը շատ են, դրա համար երկրորդ գիրքս հենց դրա մասին եմ գրելու:

Հիմա մտածում եմ երկրորդ գրքիս մասին, որը ֆորմատով շատ տարբեր է լինելու, անգամ շապիկի դիզայնն եմ արդեն որոշել: Ասեմ, որ գիրքը շատ ալտերնատիվ է լինելու, հնարավոր է նույնիսկ ձայնասկավառակ գտնեք իր մեջ: Իմ մեջ պատերը շատ են, ինչը ինձ շատ է խանգարում, պատերի մասին պետք է խոսեմ գրքիս մեջ, կարծում եմ՝ ժամանակը եկել է, որ դրանց վերջ տամ և վերջակետը հենց գրքովս էլ դնելու եմ :

Օվսաննա Սիմոնյան

Նորայր Սարգսյանի ստեղծագործությունները կարող եք կարդալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031