«Աբխազական երկաթուղու բացումը ձեռնտու է Հայաստանին՝ սա հասկանալի է, ձեռնտու է Վրաստանին, քանի որ այդտեղ վրաց-աբխազական հարաբերություններն են, դա ճանապարհ է, որը կապում է Սուխումն ու Թբիլիսին, եւ դա ձեռնտու չէ Ռուսաստանին: Կարծում եմ, Հայաստանը պետք է աշխատանք տանի Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն է այս պահին գլխավոր խոչընդոտը աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկարների հարցում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի խորհրդարանի մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին:
Այս կարծիքի հետ համամիտ չէ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ռուսական կողմը տարիներ առաջ ցանկություն էր հայտնել գնել կոնցեսիոն վրացական երկաթուղին, քանի որ գնելով հայկականը, միացնելով վրացականին և ինտեգրելով ռուսականին, կստանային ամենը, ինչ կանխատեսում էին»:
Ըստ Ջ. Մելիքյանի` աբխազական երկաթուղու վերաբացման հարցում հիմնական խոչընդոտը վրաց-ռուսական հարաբերություներն են: Շարունակելով՝ նա նշեց. «Աբխազական կողմը այնքան էլ դժգոհ չէ, քանի որ իրենք մտահոգություն ունեն կոնտակտների վերահսկման հետ կապված, սա ավելի մենթալ խնդիր է, և չեն ուզում վրացիների հետ ինչ-որ չափով առնչվել, քանի որ այդ ամենը լարվածությունը կարող է թուլացնել»: Փորձագետը կարծում է, որ երկաթուղու վերաբացման հետ կապված խնդիրները տեխնիկական են: Նա նշեց, թե երկաթուղու վերականգնման հետ կապված ամենալուրջ խնդիրը անցակետերն են, ու մանրամասնեց. «Եթե երկաթուղին գործարկվում է, ապա վրաց- աբխազական սահմանին պիտի անցակետեր լինեն: Ու եթե վրացական կողմը գնաց այդ քայլին, ապա իրենք դե ֆակտո Աբխազիայի անկախությունն են ճանաչում` դնելով անցակետեր: Ամեն ինչ կախված է ռուս-վրացական դինամիկայից, Վրաստանի ադեկվատ մոտեցումներից »:
Այս համատեքստում որո՞նք պիտի լինեն Հայաստանի քայլերը: Ջ. Մելիքյանը պատասխանեց. «Զուտ դիվանագիտական աշխատանքով պիտի արվի: Այս ամիսների ընթացքում վրաց բոլոր կարևոր չինովնիկները եղան ՀՀ-ում: Հարցին՝ ռուս-վրացական բանակցություննե՞ր են տեղի ունենում ՀՀ-ում, կոնկրետ պատասխան չէր տրվում, ուստի բացի հայ-վրացական հարաբերություններից կարող էին քննարկվել ռուս-վրացական հարաբերությունները: Հայերը կարող են միջնորդ դառնալ այս հարցում, քանի որ հասկանալի է, թե ՀՀ-ի համար որքան կարևոր է կայունությունը Վրաստանում և կայուն ռուս-վրացական հարաբերությունները: Թե ՀՀ-ն, թե ՌԴ-ն հասկանում են, որ կան խնդիրներ նաև այլ մակարդակի , օրինակ` վերջին իրադարձությունները Եվրասիական միության և Եվրամիության հետ կապված: Պիտի հասկանանք, որ ամեն ինչ կախված է ՌԴ-Վրաստան հարաբերություններից: Եթե հարաբերությունները Վրաստանի հետ ՌԴ-ն մեկ այլ մակարդակի է բերում և հարաբերությունները դառնում են ոչ թշնամական, ապա այդ ամենը կարող է ազդել ինտեգրացիոն գործընթացների վրա: Այսօրվա դրությամբ Մաքսային միության հետ մենք սահման չունենք, Վրաստանն է խոչընդոտում : Եվ այդ ամենը մենք պիտի ևս նկատի ունենանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ